Նոր արկածախնդրության ռեսուրս չունենք․ Սուրենյանց

642

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է․

«Նոր արկածախնդրության ռեսուրս չունենք. պատմությունից դասեր քաղել է պետք։  

«Հայաստանը պետք է ձգտի նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը»,- ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Հայաստանում չգիտեմ որևէ քաղաքական ուժ, որ չի ցանկանում վերանայել Նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ հաստատված ստատուս- քվոն։

Բայց` ինչպե՞ս։ Տասնյակ տարիներով իր ամլությունը ապացուցած մաքսիմալիստական օրակարգո՞վ։ Իմ կարծիքով` դա միայն խորացնելու է Նոյեմբերի 9-ի տրամաբանությունը։ Ճանապարհը մեկն է` Հայաստանի առջև ծառացած անվտանգային ռիսկերի չեզոքացումը, իսկ դրա ռացիոնալ ճանապարհը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիալոգն է, եթե անգամ այդ երկրները մեր նկատմամբ թշնամական կեցվածք ունեն։ ՀՅԴ-ն առաջարկում է գնալ համազգային դիմադրության ճանապարհով, որի նպատակը հենց դիալոգը խոչընդոտելն է։ Անիրատես քաղաքական օրակարգ, որը Սաղաթելյանը շտապեց արկածախնդրություն չհամարել` ենթագիտակցորեն խոստովանելով, որ այդ օրակարգը հենց այդպիսին է համարելու ցանկացած բանական մարդ։ Եթե 1998-ին արժանապատիվ խաղաղության օրակարգը չմերժվեր ու չլիներ «Թերմիդորի» ամոթալի 20-ամյակը, չէինք ունենա այդ երկու արկածախնդիր տասնամյակի հավաքական ծնունդ Նիկոլ Փաշինյանին` նրա աղետաբեր քաղաքականության ծանր հետեւանքներով։ Նոր արկածախնդրության ռեսուրս չունենք։ Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիայում էլ գնացին պրիմիտիվ լուծումների, ռևանշիզմի ճանապարհով` մինչև, որ 1945-ի ծանր ապտակը քաղաքակրթական միանգամայն այլ` զարգացման վեկտոր ձեւակերպեց այս երկրում։ Պատմությունից դասեր քաղել է պետք»։

Նախորդ հոդվածըՆիկ Կիրյոսն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՋեյք Սալիվան․ Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանը «բաց պատուհան» ունի