‘Նոր մենաշնորհ Միքայել Մինասյանի համա՞ր’

2861

Հայաստանի գովազդային շուկայում նոր գիգանտ է հայտնվել` Media International Services միջազգային ընկերությունը, որը երեկ շնորհանդեսով ներկայացավ հանրությանը: Այս ընկերությունը հանդիսանալու է հայկական 4 հեռուստաալիքների` «Արմենիայի», «Շանթի», «Արմնյուզի» և «Ա-Թիվի»-ի գովազդի բացառիկ վաճառողը:

 Մյուս Թի-Վի-ներին վերևից հրահանգվել էր լուսաբանել միջոցառումը, ինչը մեր իրականության մեջ մի բան է նշանակում, որ ընկերության մեջքին պատահական մարդիկ չեն կանգնած: Այս հեռուստաընկերություններից երեքը՝ «Արմենիան», «Արմնյուզը» և «Ա Թի-Վի»-ն, ընդգրկված են «Պանարմենիան մեդիա հոլդինգի» մեջ, և դրանց սեփականատերը, ըստ տարածված տեղեկությունների, Միքայել Մինասյանն է՝ Սերժ Սարգսյանի փեսան, ով վերջերս նշանակվեց Վատիկանում Հայաստանի դեսպան: Media International Services ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Սաֆարյանը հայտնել է լրատվամիջոցներին, որ Media International Services-ը գովազդը վաճառելու է նոր եղանակով: Իրականացվելու է ռեյտինգների վաճառք:

 Այս համակարգն ընդունված է, օրինակ, Ռուսաստանի շուկայում, երբ գովազդատուին փաթեթով առաջարկվում է միաժամանակ մի քանի լրատվամիջոցների ծառայություններ: Դա կարող են լինել մի քանի հեռուստատեսություններ, կայքեր, թերթեր, ռադիո: Ըստ էության, սա գովազդի շուկայի արդիականացում է, որին կարող են մասնակցել միայն խոշոր խաղացողները, ովքեր ունեն մեդիա-հոլդինգ և կարող են մյուսներից էժան գներով իրենց պատկանող ԶԼՄ-ներում տեղադրել գովազդատուի պատվերը: Հեռուստատեսությունները, որոնք ներկայացված չեն տվյալ փաթեթում, բնականաբար, տուժելու են, քանի որ գովազդատուներին ձեռնտու է աշխատել ոչ թե մեկ առանձին հեռուստատեսության հետ, այլ այն ընկերության, որը միաժամանակ 4 հեռուստաալիքով և ավելի հարմար գնով կտեղադրի նրա գովազդը: Դժվար չէ պատկերացնել, որ շուկայական այս նորամուծությունից առաջին հերթին կտուժեն ընդդիմադիր համարվող 2 հեռուստատեսությունները` «Երկիր Մեդիան» և «Կենտրոնը»:

Ընդ որում, «Երկիր Մեդիան» հայտնվելու է ավելի վատ վիճակում, քանի որ Ծառուկյանին և նրա ազգականներին պատկանող ձեռնարկությունները բավական են, որպեսզի «Կենտրոնը» գովազդի պակաս չունենա: Գովազդ չի տեղադրում «Շողակաթը», որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մասնագիտական շրջանակներում հայտնի է, որ 2014 թվականի հունվարի 1-ից հեռուստագովազդ տեղադրելու հնարավորությունից զրկվելու է նաև Հանրային հեռուստատեսությունը: Ինչ վերաբերում է Հ2-ին, որը պատկանում է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին և կապված է Ռ. Քոչարյանի անվան հետ, ապա վերջին տարիներին այն վարկանիշի կտրուկ անկում է գրանցել և հեռուստաշուկայում լուրջ մրցակից չի համարվում:

 

Սյուզան Սիմոնյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘ԿԱՀ-ում ապստամբները գրավել են նախագահական պալատը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը (ֆոտոշարք)’