‘«Նուվել դե Արմենիի» սկանդալային բացահայտումները Սերժ Սարգսյանի մասին. Մամուլ’

4359

«Ժողովուրդ»-ի խմբագրականում կարդում ենք. «Վերջին նախագահական ընտրություններից առաջ, ի թիվս Ա. Ադիբեկյանի և այսպես կոչված` տեղական «Գելափ»-ի սոցիոլոգիական հարցումների, հանրությանը ներկայացվեցին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության հարցումները, որոնց արդյունքներով Սերժ Սարգսյանի վարկանիշը կազմում էր 58 տոկոս` ճիշտ այնքան, որքան, ի վերջո, նա հավաքեց: Ընդ որում, նկատենք, որ այդ կազմակերպության հրապարակած հարցումը միակն էր, որում արձանագրվել էր Սարգսյանի վարկանիշի` 10-տոկոսանոց անկում` հակառակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացման:

Այս հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ ՀԵԲ հիմնադիր 4 անդամներից մեկը «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Թևան Պողոսյանն է, որը թե նախընտրական, թե հետընտրական շրջանում բավականին ակտիվ աջակցում էր ընդդիմության առաջնորդի դերը ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախօրեին ֆրանսիական «Նուվել դե Արմենի» ամսագիրը հանդես է եկել սկանդալային բացահայտմամբ` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի և Սերժ Սարգսյանի միջև եղած կապի շուրջ:

Ֆրանսիական պարբերականի ներկայացրած տվյալներին ծանոթանալուց հետո վերջին նախագահական ընտրություններն ու դրա վերը նշված դերակատարները ներկայանում են բոլորովին այլ լույսի ներքո: Այսպես. պարզվում է, որ դեռևս 2006թ. Ս. Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար:

2006-ի հոկտեմբերից մինչև 2007-ի մայիսը Հայաստան են ժամանել 3-հոգանոց պատվիրակություններ, որոնց մատուցած ծառայությունների օրական վարձը կազմել է 50 հազար ԱՄՆ դոլար` չհաշված ճանապարհի և նրանց` Հայաստանում կեցության ծախսերը (բիզնես կլասով թռիչքներ, առաջնակարգ հյուրանոցներ): Այսինքն՝ Ս.Սարգսյանը Թևան Պողոսյանի գործընկերոջ միջոցով շուրջ 530 հազար ԱՄՆ դոլար է վճարել ամերիկյան փիառշչիկներին, որպեսզի վերջիններս «կյանքի կոչեն երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է նախարար Սարգսյանի (Ս. Սարգսյանը դեռ ՊՆ նախարար էր) համար լավ վարկանիշ ստեղծելը»:

Թե որքան է Ս. Սարգսյանը վճարել արդեն 2013թ, նախագահական ընտրություններում սեփական վարկանիշը 58 տոկոսի հասցնելու համար ամսագրին պարզել չի հաջողվել: Սակայն այստեղ ուշագրավ է նաև այն, թե որ ընկերությանն է Սարգսյանը կես միլիոն դոլար վճարել` սեփական իմիջը կերտելու համար: Ըստ ֆրանսիական պարբերականի` Burson Marsteller ընկերությունում իրենց խարխլված կամ չեղած հեղինակությունն են փորձել փրկել այնպիսի բռնակալներ, ինչպես Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուն, 1980թ. Արգենտինայի խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն և այլք:

Հ. Գ. Տեսնենք Ս. Սարգսյանը կհետևի՞ Տիգրան Սարգ սյանի օրինակին, և ինքն էլ կդիմի՞ դատախազություն»:

«Ժողովուրդ» թերթը հավանաբար չի նկատել, որ ֆրանսիական պարբերականի սկանդալային բացահայտումները արվել են դեռ ապրիլ ամսին: Առաջարկում ենք մանրամասն ծանոթանալ «Նուվել դե Արմենի» հրապարակմանը: (iLur.am)

Նախորդ հոդվածը‘Քրիստիան Լագարդի զինակիցը ձերբակալվել է «Տապիի գործի» շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Գաղթում էին Թուրքիա. Մամուլ’