‘Ն.Զոհրաբյան. Զավեշտ է կարծել, որ աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը նվազելու են’

881

Աժ հանձնաժողովները մեղավոր են նրանում, որ կառավարության օրինագծերին մշտապես դրական եզրակացություն են տալիս: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կառավարությունը հետեւողականորեն արգելափակում է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները՝ տափակ ու անիմաստ հիմնավորումներով ու copy past (կրկնվող) մտքերով: Այս նախագիծը բերել է մի կառավարություն, որը խորհրդարանին իր կցորդն է համարում»,- ասաց նա եւ հավելեց, որ օրինագիծը խախտում է քաղաքական հիերարխիան եւ սուբորդինացիան: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լրջագույն խնդիրներ է տեսնում, հետևաբար կքննարկի և առաջարկություններ կներկայացնի: Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս նախագիծը բերել է մի կառավարություն, որը համարում է, որ խորհրդարանն իր կցորդն է:

«Իսկ ինչո՞ւ է այդպես համարում, եկեք քննարկենք այդ հարցը: Քանի՞ անգամ է դեպք եղել, երբ խորհրդարանական մեծամասնության հանձնաժողովները մերժեն այն նախագծերը, որը բերել է այս կառավարությունը: Քանի՞ անգամ է եղել, երբ հանձնաժողովները, որոնք գլխավորում են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, դրական եզրակացություններ տան այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Ես կարող եմ հիշել նման եզակի դեպքեր: Ուստի, այսօր պահանջել կառավարությունից հարգել Սահմանադրությունը, կարծում եմ՝ ազնիվ չէ: Դեռ պիտի շնորհակալ լինենք, որ այս կառավարությունը չի դիմում սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովին և չի ասում՝ եկեք իմ դե ֆակտո արտոնյալ կարգավիճակն ամրագրենք նաև դե յուրե: Հիշենք, որ այս նախագիծը ներկայացրել է մի կառավարություն, որի ղեկավարը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ այս ամբիոնից հրավիրում էր պատգամավորներին աշխատելու Կենտորնական բանկում հավաքարար, որովհետև մեր նախկին գործընկերներից ոմանք կարծիք հայտնեցին, որ Կենտրոնական բանկի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Ազգային ժողովի պատգամավորը: Ես համաձայն եմ, որ այս փաստաթուղթը լուրջ քաղաքական ենթատեքստ է պարունակում: Արդոք անարդա՞ր չէ, երբ ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը բարձրացնում ենք շատ աննշան, իսկ պատգամավորների, նախարարների, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են շատ մեծ գործակցով: Իհարկե, անարդար է: Ես ինքս չեմ կարող նայել այն գործազուրկների աչքերին, որոնց մենք երեկ ձեր քվեարկությամբ զրկեցինք 20 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորությունից: 18 հազար մարդու չեմ կարողանա բացատրել, թե ինչո՞ւ իմ պատգամավորական աշխատավարձը պետք է լինի բարձր, բարձրանա 12 գործակցով, իսկ նրանցը՝ ուսուցչինը, բժշկինը՝ ընդամենը 3 կամ 4 գործակցով: Զավեշտ է, հարգելի գործընկերներ, կարծել, որ ահա այս նախագծով աշխատավարձ բարձրացնելով՝ կոռուպցիոն ռիսկերը նվազելու են: Հիշենք՝ դատավորների հետ տեղի ունեցած պատմությունը՝ ինչքան բարձրացրինք, այնքան անվստահությունը արատավոր իրավական համակարգի հանդեպ աճում է»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը հանձնարարել է Բոլիվարիական միլիցիայի թվակազմը հասցնել մեկ միլիոնի’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Մենք հավերժ պատգամավոր չենք լինելու’