‘Շարմազանով. Շարմազանովը ՍԴ անդամ կամ նախագահ դառնալու հավակնություն չունի ‘

1029

Նոյեմբերի 21-ին  ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության  նախաձեռնությամբ պետք է կայանար ԱԺ արտահերթ նիստ, որի համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքելուց հետո նիստը նշանակվեց: Սակայն ԱԺ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չներկայացավ ԱԺ` քվորում չապահովելով, ու արտահերթ նիստը չկայացավ: Նշենք, որ արտահերթ նիստին ներկայացել էին ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի ՀՀԿ-ից և նրան կից գործող  ՕԵԿ-ից: ՀՀԿ-ի նիստին չներկայանալը ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը iLur.am-ի թղթակցի հետ զրույցում բացատրեց նրանով, թե դա  քաղաքական որոշում էր:

«Քաղաքական իրենց հնարքին, մենք պատասխանեցինք քաղաքական որոշումով: Քաղաքական պայքարում ընդունված մեթոդ է քաղաքական բոյկոտը, և ինչպես քաղաքական մեծամասնությունը, այնպես էլ քաղաքական փոքրամասնությունը, իրենք են որոշում ինչպես տնօրինել իրենց օրակարգը: Մենք առաջինը այս օրինագծերի մասին մեր հստակ կարծիքը ասել ենք ամիսներ շարունակ, ամիսներ առաջ եղել են լսումներ, հանրապետականն իր կարծիքը հրապարակային ասել է և ընդունվել է ընտրական օրենսգիրք և մեզ համար երկու գումարած երկու միշտ  հավասար է լինում  չորսի: Եվ թերի են ու շինծու բոլոր այն արտահայտությունները, թե իբր, եթե մենք չենք մասնակցում, ուրեմն` մենք ասելիք չունենք: Մենք ասելիք ունենք և մեր ասելիքը շատ հստակ ասել ենք ամիսներ առաջ՝ լսումների  ժամանակ»,- հայտարարեց Շարմազանովը` ինքն էլ իր հերթին որեւէ փաստարկված հիմնավորում չտալով ՀՀԿ-ի բոյկոտին:

Վերջինս նաեւ հավելեց, թե բացի դա, իրենք նպատակահարմար չգտան հենց «պարելու իրենց (ընդդիմության- խմբ.) իսկ պատվիրած երաժշտության տակ»: «Ուստի օգտվեցինք մեր այն իրավունքից, որը ամրագրված է նաև ԱԺ կանոնակարգ օրենքում: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքում քաղաքական բոյկոտը դա ընդունված մոտեցում է: Ուստի նաև էթիկայի կանոնների խախտման մասին խոսելը՝ ծիծաղելի է: Եվ երրորդը, եթե իրենք խոսում են էթիկայի կանոնների մասին, ապա 53 հոգուց 44-ն էին գրանցվել,  մնացածնե՞րն էլ են էթիկայի կանոնները խախտել»,- հայտարարեց Շարմազանովը:

Ավելին, վերջինս հայտարարեց, թե սա առաջին դեպքը չէ, եւ որ «95 թվականից Սահմանադրությունն ընդունվել է և 95թվականից հետո տանսյակ դեպքեր են եղել, որ ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով»:

«Եվ երբ որ տեղի էր ունենում պառլամենտական քարոզարշավը 2012 թվականի, ես էի նիստը վարում և երկու երեք պատգամավոր էին գալիս, իսկ ընդդիմությունը ամբողջ կազմով, ինչպես նաև այլընտրանքը (ի նկատի ունի ԲՀԿ-ին, խմբ.) ամբողջ կազմով, բացակայում էր, այսինքն՝ իրե՞նք էլ են Սահմանադրությունը խախտել: Պետք չի դրանից շոու սարքել, դա նոր երևույթ չի»,- հայտարարեց Շարմազանովը` մոռանալով, որ նախորդ գումարման ԱԺ-ում էլ ՀՀԿ-ն մեծամասնություն է եղել, եւ եթե նիստերին 1-2 պագամավոր էր ներկա լինում, նշանակում է, նիստերից առաջին հերթին հենց հանրապետականներն էին բացակայում:

Հայ ազգային Կոնգրեսի այն հայտարարության կապակցությամբ էլ, որ իրենք դիմելու են ՍԴ, Շարմազանովը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե ինքը «ի տարբերություն ընդդիմության, Սահմանդրությունը չի մեկնաբանում, և երևութի` սահմանդրական է,  թե հակասահմանադրական լինելը կորոշի ՍԴ-ն»: «Էդուարդ Շարմազանովը հավակնություն չունի դառնալ ՍԴ-ի անդամ կամ նախագահ և ես իրավական խնդիրներին քաղաքական գնահատական չեմ տալիս: Դա բացաառպես ՍԴ-ի իրավասությունների ներքո է»,- ինքն իր մասին երրորդ դեմքով խոսելով հայտարարեց Շարմազանովը:  

Վերջինս ծիծաղելի համարեց այն, որ արտահերթ նիստից ՀՀԿ-ի զանգվածային բացակայությունը կարող է ազդել ՀՀԿ-ի վարկանիշի վրա:

«ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է  եղել քննարկումների, բայց ՀՀԿ-ն աննպատակ քննարկումների չի մասնակցում: Մեր գործընկերները՝ Հովհաննես Սահակյանը և Դավիթ Հարությունյանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի երկուական ներկայացուցիչներ, նորաստեղծ Ընտրական օրենսգրքի համահեղինակներ են, այն ժամանակ մենք ասել ենք և շատ բարեփոխված ԸՕ-ով մենք իրականացրել ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենալավագույն ընտրությունները: Այս հարցը մեզ համար փակված է: Դրա համար եմ ասում` մեզ համար երկու գումարած երկու հավասար է  չորս, ինչքան էլ ուզում է Զուրաբյան Լևոնն ասում ա` եկեք փոխզիջենք, հիմա եթե լավ փոխզիջի, երկուսին գումարած  երկու հավասար է հի՞նգ: Չի լինում տենց բան. կան բացարձակ ճշմարտություններ»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:  

Լ. Գ.

Խմբագրության կողմից.

Ուշագրավ է, որ անգամ Էդուարդ Շարմազանովը այսքան բան ասելով` որեւէ տրամաբանական կամ փաստարկված հիմնավորում չտվեց իրենց բացակայությանը: Մենք հարցնում ենք` ինչո՞ւ եք բացակայել, ինքը պատասխանում է, որովհետեւ «երկու գումարած երկու, հավասար է` չորս» տրամաբանությամբ: Համաձայնվեք` բավականին ուշագրավ պատասխան է: Կարող էր ավելի վատ լինել: Ի վերջո, կարող էր նույն հարցին պատասխանել, թե որովհետեւ «պտտվիր, պտտվիր կարուսել», կամ` «որովհետեւ գարնան գառն ա գովական, աշնան հավը», կամ էլ` «ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է»: 

Լուսանկարը` համացանցից

Նախորդ հոդվածը‘Գերմանական հանրահայտ Financial Times Deutschland գործարար պարբերականը դադարեցնում է իր գոյությունը’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի արագընթաց մայրուղու կենտրոնում մարդիկ են ապրում’