‘Շիրակի տխրահռչակ ոստիկանապետը կզբաղեցնի հերթական պաշտո՞նը, թե՞ կհայտնվի ՔԿՀ-ում’

2093

Այսօր պաշտոնանկ է արվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տխրահռչակ պետ Վարդան Նադարյանը: ԳԱԼԱ-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Վերջինիս փոխարեն Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը:

Շիրակի մարզում իր աշխատանքի մեկ և կես տարվա ընթացքում Նադարյանը աչքի է ընկել մի շարք սկանդալային պատմություններով:

Օրինակ, նա զենքով հարձակվել էր գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և վերջինիս եղբոր վրա: Դրանից հետո, օգտագործելով պաշտոնական դիրքը և քրեական աշխարհում եղած կապերը, այնպես արեց, որ Ալեքսանյանները չբողոքեն: Դեպքից հետո ՀՀ «իրավապահ» մարմինները և դատարանները փորձում էին «պատժամիջոցներ» կիրառել միջադեպի մասին բարձրաձայնած iLur.am-ին: Մեր կայքից մինչ այժմ էլ փորձում են կորզել տեղեկատվությունը մեզ հայտնած աղբյուրի ինքնությունը:

Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանության և, մասնավորապես՝ Նադարյանի խայտառակ գործողությունների, իսկ ավելի ճիշտ՝ անգործության հետևանքով, 7 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հայտնաբերվեց ռուսաստանցի սահմանապահների կողմից՝ այստեղից բխող և բոլորին հայտնի հետևանքներով:

Վարդան Նադարյանը մամուլում հայտնվել է դեռեւս 2012-ին, երբ զբաղեցնում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնը: Ըստ հրապարակումների՝ մեքենան սխալ կայանելու համար Նադարյանը վիճաբանել, ապա՝ ծեծի էր ենթարկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալի որդի Սեւակ Ստեփանյանին: Դեպքից մի քանի օր անց տուժածի հայրը հայտարարեց, թե իր որդին վնասվել է պատահաբար՝ «վազել ու ընկել է», թեեւ սեւանցիները թերահավատությամբ են վերաբերվում այս վարկածին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ստեփանյանը մինչ օրս ամբողջությամբ չի ապաքինվել ստացած վնասվածքներից:      

Հավելենք նաև, որ Վարդան Նադարյանը բազմիցս նշել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է: Այս պատճառով վստահ ենք, որ չնայած իր անփառունակ անցյալին՝ Նադարյանը կադրերի ռեզերվում երկար չի մնա:

Այնուամենայնիվ՝ հույս ունենք, որ Նադարյանը օրերից մի օր կհայտնվի ոչ թե հերթական պաշտոնին, այլ քրեակատարողական հիմնարկում:

Նախորդ հոդվածը‘Թորոս Սեֆիլյանը ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի բնակիչը փորձել է ամուսնանալ օձի հետ’