‘Շվեյցարիան հայտարարել է Սնոուդենին ապաստան տրամադրելու մտադրության մասին’

924

Շվեյցարիայի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ պատրաստ է ապաստան տրամադրել Էդուարդ Սնոուդենին: Այդ մասին հաղորդել է Sonntags Zeitung թերթը, որի տվյալներով՝ ԱՄՆ կենտրանական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը  կարող է ապաստան գտնել Շվեյցարիայում, եթե համաձայնի ցուցմունք տալ իր նախկին գործատուի դեմ և բացահայտի ամերիկյան հետախուզության լրտեսական գործունեության մանրամասներ:

Դատախազությունը հրապարակել է հատուկ փաստաթուղթ՝ «Ինչ կանոններ են գործելու, եթե Էդուարդ Սնոուդենը ժամանի Շվեյցարիա, և ԱՄՆ-ը պահանջի արտահանձնել նրան» վերնագրով: Փաստաթղթում ասվում է, որ հատուկ ծառայությունների աշխատակցի համար երաշխավորվում է ապաստանի իրավունքը, եթե դա չի հակասում «պետական բարձրագույն պարտավորություններին»:

Հիշեցնենք, որ 2013 թ. Էդուարդ Սնոուդենը բացահայտել էր ամերիկյան հատուկ ծառայությունների ստեղծած՝ համատարած լրտեսական համակարգը, և մամուլին էր հանձնել ԿՀՎ-ի և ԱԱԳ-ի գործունեության մասին փաստաթղթեր: Այն բանից հետո, երբ մի շարք երկրներ, այդ թվում՝ Շվեյցարիան, հրաժարվեցին քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին, Ռուսաստանը ժամանակավորապես ընդունեց նրան՝ պայմանով, որ Սնոուդենը կդադարեցնի իր գործունեությունն ընդդեմ ԱՄՆ-ի: 2014 թ. օգոստոսի 1-ին Սնոուդենը Ռուսաստանում երեք տարվա կեցության թույտվություն ստացավ, ինչը նրան թույլ է տալիս դուրս գալ երկրի սահմաններից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ-ն ծաղրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ բահով լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը խոստանում է «էլ ավելի բազմամարդ» հանրահավաք ‘