‘Ո՞վ է «ուտում» կալանավորների սնունդը (փաստաթղթային ուսումնասիրություն)’

2183

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է: Նրանից հարցազրույց վերցրին համարյա բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները: Կարելի է ասել, որ ինֆորմացիոն առիթը սպառվեց: Բայց հենց այդ հարցազրույցներից մեկի ժամանակ Տիգրանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:  Հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ Առաքելյանը  հայտարարեց, որ բանտարկյալներին չի տրամադրվում այնքան սնունդ, որքան նախատեսված է.

«Բանտում կան ավելի մեծ խնդիրներ իրականում, քան մենք կարող ենք պատկերացնել: Եթե հասարակությունը կալանավայրը մի այնպիսի տեղ է պատկերացնում, որը պետք է ուղղի և հասարակություն վերադարձնի ուղղված մարդուն, ես շատ կասկածում եմ , որ այնտեղ հնարավոր է , որ մարդը ուղղվի: Այնտեղ խախտվում է իրավունք, որի մասին մենք երբեք չենք կարող իմանալ. որևէ մեկը չի բարձրաձայնի:

Ըստ էության՝ մեզ այնտեղ հաց տալիս են, բայց երբ հաշվում ենք, ապա պայմանական 200 դրամ կարելի է գնահատել իրենց տվածը: Իսկ մնացած գումարը որտե՞ղ է:

Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ , որ կալանավորներին այդ գումարից շատ փոքր տոկոս է հասնում, ավելին, մենք մեր խցում անգամ չենք էլ օգտվել, քանի որ միայն տեսքը արդեն բավական էր: Ես ցանկանում եմ միայն ֆիքսել, որ այն, ինչ նախատեսված է՝ չեն տալիս: Նրանք ստանում են ընդամենը փշուրներ: Վստահ եմ, որ գողանում են այդ փողերը, որը կարող են հաստատել նաև մասնագետները: Ես ենթադրում եմ նաև, որ դա նույնիսկ քրեակատարողական հիմնարկ չի հասնում: Օրինակ՝ բորշ, հարցնում ես՝ միս կա՞ մեջը, պատասխանում է՝ ոչ, բա էլ ի՞նչ բորշ, կաղա՞մբ ջրով, ուրեմն՝ դա տվել են»,-ասել է Տիգրան Առաքելյանը:

«Որքա՞ն գումար է իրականում հատկացվում կալանավորված և դատապարտված յուրաքանչյուր անձի համար». այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունների լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր դատապարտվածի համար հատկացվում է մոտավորապես 501 դրամի:

«Սա մինիմալ գումարն է, այն կարող է տատանվել»,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Առաքելյանի փոխանցմամբ՝ ինքը 800 օր է անցկացրել բանտում, և իրեն միշտ տանից են անհրաժեշտ մթերքը բերել: «Չգիտեմ, ինձ կարող են ձերբակալել այս հայտարարությունների համար, սակայն ես չեմ կարող իրավախախտում տեսնել և չբարձրաձայնել այդ մասին»,-ասել է Տիգրան Առաքելյանը: Գոռ Ղլեչյանը չցանկացավ մեկնաբանել Տիգրանի խոսքերը, բայց ասաց, որ եթե կալանավորը իր հարազատներից սնունդ է ուզում, դա իր իրավունքն է: «Մենք այդ իրավունքի վրա չենք բռնանում: Մենք որևէ կալանավորից բողոք չենք ստացել՝ սննդի հետ կապված»,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Մենք փորձեցինք լրագրողական հետաքննություն անցկացնել և բաց աղբյուրների նյութերը օգտագործելով՝ պարզել, թե իրականում ինչքան սնունդ է հատկացվում կալանավորներին:

Սկսենք օրենսդրական բազայից: ՀՀ քրեակատարողական օրեսնգրքի «Դատապարտյալի սնունդը» վերտառությամբ 76-րդ հոդվածը սահմանում է.

1. Պատիժը կրելու ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, որի օրական միջին չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սննդի որակը և սննդարարությունը սահմանված չափաբաժիններից որևէ կերպ պակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է:

3. Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալն ապահովվում է հավելյալ սննդով, որի չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Դատապարտյալը պետք է ապահովված լինի խմելու ջրով:

Ինչպես նկատեցինք, սննդի օրական միջին չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և նույնիսկ որպես պատիժ՝ չափաբաժինը պակասեցնելն արգելվում է: Նույն բանն է սահմանում  նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 19-րդ հոդվածը:

Այժմ տեսնենք, թե սննդի ինչ չափաբաժին է սահմանել ՀՀ կառավարությունը: 2003 թ. ապրիլի 10-ի 413-Ն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները հաստատելու մասին» որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային ու հիգիենիկ պարագաներով ապահովելու պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները` համաձայն N 1 հավելվածի. 

Հավելված 1 

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

1.

Հաց

գրամ

650

2.

Ձավարեղեն

գրամ

120

3.

Մակարոնեղեն

գրամ

30

4.

Միս, մսամթերք (միս` ոսկորով)

գրամ

90 (180)

5.

Կաթ (կաթի փոշի)

գրամ

100 (14.3)

6.

Ձուկ (առանց գլխի)

գրամ

100

7.

Կենդանական յուղ, մարգարին

գրամ

45

8.

Շաքար, շաքարավազ

գրամ

40

9.

Կերակրի աղ

գրամ

20

10.

Թեյ (թեյաբույսեր)

գրամ

2

11.

Տոմատի մածուկ

գրամ

5

12.

Դափնետերև

գրամ

0.1

13.

Կարտոֆիլ

գրամ

550

14.

Այլ բանջարեղեն

գրամ

250

15.

Հյութեր

գրամ

100

16.

Պանիր

գրամ

25

17.

Միրգ

գրամ

200

 

Հիվանդներին տրվող հավելյալ
սննդի չափաբաժինները

 

 

1.

Բուսական յուղ

գրամ

20

2.

Կարագ

գրամ

25

3.

Կաթ (կաթի փոշի)

գրամ

100

4.

Հավի ձու

հատ

1

Հենց սկզբից նշենք, որ բոլոր այն անձանց (դատապարտված և կալանավորված անձինք), որոնք գտնվում են ՔԿՀ-ում, հետագա թյուրըմբռնումից խուսափելու համար կանվանենք կալանավորներ:

Եվ ուրեմն:

Ինչպես տեսնում ենք, բավականին պատկառելի ճաշացանկ է: Բայց ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Առաքելյանը, 800 օրվա ընթացքում Նուբարաշեն ՔԿՀ-ում ոչ մի անգամ չի եղել ոչ միս, ոչ ձուկ, ոչ հյութ, ոչ միրգ, ոչ պանիր, ոչ նշված քանակությամբ կարտոֆիլ:

Մեջբերենք վերջերս Նուբարաշեն ՔԿՀ-ից ևս մեկ ազատ արձակվածի խոսքերը, որի անունն իր խնդրանքով չենք նշում.

«Ես եղել եմ այնպիսի խցում, որտեղ բանտի տված սնունդը (կոչվում է բալանդ) չէինք վերցնում կամ՝ հազարից մեկ անգամ: Հիմնականում ուտում էինք մեր հարազատների ուղարկածը (տուլիկ) կամ պատրաստում էինք հենց խցում՝ սալօջախի վրա:

Այն խցերը, որտեղ մարդիկ շատ անապահով են, ստիպված բանտի տված բալանդն էին վերցնում: Օրական մեկ մարդուն հասնում էր կես հատ մոտ 25-25 սմ քառակուսի հաց, և 2 կամ 3 անգամ ճաշ էին բերում: Օրը մի հատ սուպ՝ լոբով, ոսպով, կարտոֆիլով, որի մեջ ինչ պատահեր լցնում էին, և բերում էին փլավ (ավելի շուտ՝ կիսաջրիկ, մածուցիկ մի շիլա):

Ամենահամեստ սնունդն էր, այդ պատճառով ստիպված մեզ տուլիկներով ուղարկածն էինք ուտում:

Բայց, այնուամենայնիվ, սնունդի հարցը լուրջ է: Որ տուլիկները չլինեին , բավականին դժվար կլիներ իրենց տված սնունդով ապրելը»:

Նշենք նաև, որ խիստ անտրամաբանական է, որ նորմալ սնվող կալանավորներին հարազատներն անընդհատ դրսից սնունդ են բերում: Ինչևէ, տրամաբանությունը անապացուցելի է, իսկ մենք անցնենք փաստերի:

Նախ փորձենք պարզել, թե քանի կալանավոր կա Հայաստանում, որ կարողանանք պարզել՝ որքան սնունդ է հատկացվում կալանավորներին:

Շատ լրատվամիջոցներ փորձել են Արդարադատության նախարարությունից պարզել այդ թիվը: ՔԿՀՎ-ից պատասխանում են, որ կոնկրետ տվյալներ չունեն: Մենք կգնանք ավելի պարզ ճանապարհով և արդեն իսկ ՔԿՀՎ-ի հաղորդած թվերով կհաշվարկենք դատապարտված և կալանավորված անձանց քանակը: Համաձայն ԱՆ տրամադրած տվյալների՝ 2012 թ. պետբյուջեով ՀՀ արդարադատության նախարարությանը կալանավորներին պահելու համար տրամադրվել է 1 մլրդ 3մլն 920.500 դրամ: Եթե այս թիվը բաժանենք արդեն մեզ հայտնի 501 դրամի, որը տրամադրվում է մեկ կալանավորի պահելու համար, իսկ այդ թիվն էլ, իր հերթին, բաժանենք 365-ի, ապա կստանանք 5489,9: Ուրեմն Հայաստանում կա մոտ 5490 կալանավոր:

Պարզենք, թե ինչպես և ինչքան սնունդ է ձեռք բերում ՔԿՀՎ-ն:

Այսպես, 2013 թ. հունվարի 10-ին ՀՀ ՔԿՀՎ-ն և «Հաղթանակ-2000» ՍՊԸ-ն սննդամթերքի գնման պայմանագիր են կնքել: Համաձայն պայմանագրի գնման ժամանակացույցի՝ ՔԿՀՎ-ն նախատեսում է ողջ 2013թ. ընթացքում գնել 200 000 կգ կարտոֆիլ: Ինչո՞վ է այս թիվը ուշագրավ: Մենք արդեն գիտենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ յուրաքանչյուր կալանավորի օրական հասնում 650 գր. կարտոֆիլ: Մենք նաև ֆիքսել ենք կալանավորների միջին թիվը՝ 5490: Եվ շատ պարզ մաթեմատիկական գործողություններ կատարելով՝ կպարզենք, որ 200 հազար կգ կարտոֆիլը սահմանված չափաբաժնով կհերիքի, ուշադրություն՝ 843 կալանավորի: Այսինքն՝ եթե ՔԿՀ-ներում կալանավորներին ուզենան էլ, չեն կարող տրամադրել Կառավարության կողմից սահմանված և օրենքով նախատեսված կարտոֆիլի չափաբաժինը, քանի որ այդ դեպքում գնված կարտոֆիլի քանակը պետք է համարյա 7 անգամ ավելի լիներ: 

Անդրադառնանք կարտոֆիլի ձեռքբերման գնին, որը, համաձայն հիշատակված պայմանագրի, կազմում է 150 դրամ: Եթե ցանկացած ոք հենց այս րոպեին ցանկանա գնել մեկ կալանավորի համար նախատեսած 650 գր. կարտոֆիլը, ապա այն կգնի նույն այդ 150 դրամով՝ մեկ կիլոգրամի համար: Իսկ ՔԿՀՎ-ն գնել է 200 տ կարտոֆիլ, բայց այդ նույն մանրածախ գնով: Նշենք նաև, որ տարեսկզբին կարտոֆիլի գինն ավելի էժան է եղել: Այստեղ միայն չարաշահման գումարը կարող է կազմել 8-10 մլն դրամ:

Նշենք նաև, որ ոչ մի բաց աղբյուրում մեզ չհաջողվեց գտնել մեկ այլ պայմանագիր, որով ՔԿՀՎ-ն կարտոֆիլ է գնել: Փաստորեն՝ ստացվում է, որ 843 կալանավորի համար նախատեսած կարտոֆիլը բաշխվում է 5490 կալանավորի միջև, և եթե այն ընդհանրապես բաշխվում է, ապա ամեն կալանավորի, նախատեսված 650 գրամի փոխարեն՝ հասնում է 100 գրամից էլ քիչ:

Չարաշահումները, տվյալ դեպքում՝ խոսքը «ատկատների» մասին է, որոնց դեմ Սերժ Սարգսյանն այդքան սիրում է օդում աննպատակ պայքարել, ամենուրեք են:

Վերցնենք շաքարավազի ձեռքբերման պայմանագիրը, որը կնքվել է «Դանինի» ՍՊԸ-ի հետ: Նախ նշենք, որ համաձայն նույն Արդարադատութան նախարարության կազմում գործող Պետական ռեգիստրի էլեկտրոնային շտեմարանի՝ ՀՀ-ում գրանցված չէ «Դանինի» անունով ՍՊԸ: Բացի այդ, ՀՀ-ում ապրող ցանկացած չափահաս և ոչ միայն չափահաս քաղաքացի գիտի, այդ մասին շատ է գրվել նաև մամուլում, որ ՀՀ շաքարավազ ներմուծող միակ ընկերությունը՝ Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն է: Նույն ՍՊԸ-ն է զբաղվում նաև Հայաստանում շաքարավազի արտադրությամբ: Տրամաբանական կլիներ շաքարավազի մատակարարման պայմանագիրը կնքել հենց «Ալեքս Գրիգի» հետ և խուսափել միջնորդներից: Բայց ՔԿՀՎ-ն պայմանագիր է կնքել գոյություն չունեցող ՍՊԸ-ի հետ և շատ բարձր գին վճարել (կվճարի) շաքարավազի համար:

Այսպես, մեկ կիլոգրամ շաքարավազը պետական բյուջեի վրա կնստի 420 դրամ: Նշենք, որ հենց այս պահին նույն «Ալքես Գրիգ» ընկերության կազմում գործող տխրահռչակ «Երևան Սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը 337 դրամ է: 2013 թ. համար կգնվի 72500 կգ շաքարավազ: Շաքարավազի գնման պարագայում չարաշահումը կազմում է մոտ 6 մլն դրամ:

Համաձայն պայմանագրի 4 կետի 2-րդ ենթակետի՝ «Ապրանքի մատակարարման գինը կայուն է, և վաճառողն իրավունք չունի պահանջել ավելացնելու այն, իսկ գնորդը՝ նվազեցնելու այդ գինը»:

Մենք առայժմ ուսումնասիրեցինք ընդամենը երկու պայմանագիր, որոնցից պարզ է դառնում, որ կալանավորներին տրամադրվում է նախատեսվածից շատ ավելի քիչ սնունդ: Այդ մասին են վկայում նաև կալանավայրերից ազատվածները: Ակնհայտ է նաև, որ տեղի է ունենում օրենքի կոպիտ խախտում,  չի կատարվում կառավարության՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները սահմանելու որոշումը, և կալանավորները թերսնվում են:

Հետաքրքիր է տեսնել այն մարդկանց դեմքերը, որոնք «ուտում» են կալանավորների համար նախատեսած սնունդը և բանտերում գտնվող մարդկանց և նրանց հարազատների կյանքը վերածում մղձավանջի:

Մեզ մնում է միայն ցանկանալ և այդ ցանկությունը ի կատար ածելու համար ամեն ինչ անել, որ կալանավորի հացը «ուտողը» հայտնվի ճաղերի հետևում:

 

Հ.Գ. Այսօր առավոտյան կառավարության կայքից անհետացել են վերոնշյալ պայմանագրերը, այդ պատճառով հղումները բացակայում են:

Հովսեփ Կուբատյան

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Մենք հավերժ պատգամավոր չենք լինելու’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Հայաստան չի՞ գա’