‘Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…’

5799

Միտք էի անում, որ էն, ինչ սրանք են 
     անում, գիժն էլ էս չի՛ անիլ
 Խաչատուր Աբովյան

«Վերք Հայաստանի»

Դուք հեգնում եք, քրքջում, իսկ իրականում ողբերգություն է:

Եթե մի երկրի  էլիտան, կամ այն խմբակը, որն իրեն այդպիսին է պատկերացնում, արդեն քանի տարի՝ չի կողմնորոշվում գոնե սեփական պետության ու հայրենիքի սահմանների հարցում, ինչպե՞ս կարելի է նրանից պահանջել ինքնիշխանության գիտակցություն, հարգանք պետության և մայրենի լեզվի նկատմամբ, սեփական պարտավորությունների ըմբռնում և գործադրում: Վերջապես՝ լրջություն…

Ըստ Սերժ Սարգսյանի, օրինակ, չնայած Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բայց Աղդամն ու Ֆիզուլին մեր հայրենիքը չեն:

Որն է այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ չի ճշտվում, բայց ինչ են անում նրա և անորոշ հայրենիքի հետ՝ մաշկներիս վրա ենք զգում…

Ըստ վարչապետի՝ հայրենիքն ահագին որոշակի է: Ավելի ճիշտ՝ ստույգ՝ Հայկական լեռնաշխարհ: Ասել կուզի՝ Առաջավոր Ասիայի հյուսիսում գտնվող մի տարածք, որն արևելքում սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում՝ Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում՝ Կովկասյան լեռներին, իսկ հարավում՝ Միջագետքին։ Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն, ավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, ինչի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»։

Ասքանից հետո արդարացի հարց է առաջ գալիս. և, այնուամենայնիվ, ո՞ր երկրի ու պետության վարչապետն է իրեն համարում Տիգրան Սարգսյանը:

Կամ՝  գիտակցու՞մ է, արդյոք, որ իր ու իր կաբինետի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում մեր այս հայրենիքի ու նրա սահմաններում կազմավորված պետության վախճանը ընդամենը ժամանակի հարց է պետք դիտարկել, եթե նա շարունակի իրեն Տիգրան Մեծ երևակայել և կամ եթե բազեների հետ մի քանի տարի էլ Ծաղկաձորում կիթառ «կսմթի-լացացնի»…

«Բախտը բերել է» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Նրան սահմանի երկարությամբ հաճախացած կրակոցներն անընդհատ  դառը իրականություն են ետ բերում. ժամանակ ու ճար չունի մարդը հնարովի հայրենիքի մասին դատողություններ անելու: Սահմանները շա՛տ են կոնկրետ նրա համար, բայց տես որ՝ ի՛նքն էլ պատրանքներից լիովին զերծ չէ:

Ինքն իրեն է խաբում, այսինքն, եթե հավատում է, թե օրվա ոգելքության, այս իշխանության ու իր առանձին մարդասպան սպաների առկայությամբ՝ կարելի է ինքդ քեզ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հրամանատարը երևակայել…

Ինչ վերաբերում է գլխավոր ոստիկանապետին, ստիպված ենք ասել, որ այս հարցը, ինչպես ամեն բան, նա սահմանված կարգի և Աստծո հույսին է թողնում: Առաջինը՝ մշտապես ձիու վրա մնալու, երկրորդը՝ «չօգնի էլ՝ չի խանգարի» տրամաբանությամբ:

Այլ կերպ՝ Վլադիմիր Գասպարյանի համար կարևորն աշխարհագրությունը չէ, կարևորն այն է, որ հայ ես, այն էլ՝ աղոթող հայ: Իսկ եթե «միլիցա», կարևոր է, որ՝ ո՛չ «պեպելնիցա»…

Չգիտեմ՝ այս մի դատախազին ինչպես, բայց նախորդին, ում մեր ժողովուրդը կնքեց «Աղվան Բարեսիրտ-դուռՊաչան» բարեհունչ մականվամբ, այս հայրենիքում կարգուկանոն հաստատելու եռանդը շատություն էր անում: Այդ պատճառո՛վ էր մարդը հողային պահանջներ ներկայացնում Թուրքիային՝ ավելիով ինքնադրսևորվելու համար:

Ստույգ է, այսինքն, որ այս մեկի ուղեղում էլ հայրենիք-պետություն-անելիք հասկացությունների իսկական շփոթ էր տիրում, և գուցե այդ պատճառով էին մարտի մեկի մարդասպաններն ազատության մեջ, իսկ Տիգրան Առաքելյանը՝ ճաղերից այն կողմ…

Ի դեպ, շատուքչի հարցում Աղվան Հովսեփյանը միակ էսքտրավագանտ պերսոնը չէր մեր կառավարությունում: Նրա արժանի հետնորդն է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր բուն գործը թողած՝ պետության անվանափոխության հարցերով է զբաղվում: Իբր՝ շատ ավելի ճիշտ է մեր պետությունը կոչել ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

Լիովին արդարացված է, այսինքն, նրա հատուկ կիրքը՝ «Ինչ, որտեղ, երբ» խաղի նկատմամբ: Հուսանք՝ մի օր վերջապես կկողմնորոշվի:

Այսքանց հետո արժե՞ անդրադառնալ նաև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին և այդքանով կարևորների շղթան փակել:

Ինձ թվում է՝ չարժե՛:

Բավական է և այն պաշտոնական տեքստի հիշատակումը, որով ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները գնահատվել էին որպես «մեր երկու հայրենիքների կայունության ջլատման փորձ և սադրանք՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման դեմ»:

Վստահ եմ՝ «երկու հայրենիքներ» բառակապակցությունը խորը և համապարփակ սթրեսի մեջ է գցել աշխարհի բոլոր դիվանագետներին միաժամանակ:

…Իսկ դուք ասում եք՝ պետություն, պետականություն, ինքնիշխանություն: Մանավանդ՝ իշխանություն:

Հասկացա՛նք, բայց այսպիսի՞:

Դուք էլ սրա՛նց հարցում կողմնորոշվեք, պարոնա՛յք…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ համագումարը՝ փետրվարի 15-ին’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Թող ստեղծեն «Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»’