‘Ո՞րն է Միքայել Մինասյանի գլխավոր առաքելությունը Վատիկանում’

1483

Վերջին օրերին Վատիկանը հայ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ միայն Հռոմի պապի ընտրություններով, այլեւ նախագահ Սերժ Սարգսյանի փեսային Վատիկանում ՀՀ դեսպան նշանակելով: 

Շատերը այս նշանակումը գնահատեցին` որպես Միքայել Մինասյանի աքսոր կամ փեսային երկրից դուրս հանելու քայլ, ինչը պետական վերնախավում չէր կարող խառնաշփոթ չառաջացնել: Հայաստանում մինչև այսօր գործել է ոչ թե ընտրական մեխանիզմը, այլ ժառանգորդի ինստիտուտը: Այդ իմաստով ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի ժառանգորդի հիմնական թեկնածուն միշտ էլ համարվել է նրա փեսան`Միքայել Մինասյանը

Հետևաբար անսպասելի չէր, որ պետական վերնախավում որոշակի անորոշություն է ի հայտ եկել: Սակայն, կա ևս մեկ հանգամանք. Միքայել Մինասյանի`Հայաստանից հեռացնելու որոշումը նաև իր հոգեբանական ազդեցությունն է թողել նախագահի շրջապատի վրա, որի արդյունքում կարող են լրջորեն թուլանալ Միքայել Մինասյանի դիրքերը: Սա նյարդայնացնում է փեսային, հենց այդ պատճառով էլ օրերս նրա հովանավորությամբ աշխատող կայքերից մեկը գրեց . 

«Վատիկանում հավատարմագրված դեսպանները դիվանագիտական աշխարհում բավականին ազդեցիկ դիվանագետներ են… Վատիկանում նշանակված դեսպանների նստավայրը Վատիկանը չէ… Հայաստանի դեպքում կարծես թե բացառություն է արվել և նստավայրը Վատիկանում է թույլ տրվել»: 

Այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչու է Վատիկանը բացառություն արել Հայաստանին, ո՞ր արժանիքի համար, ինչո՞ւ աշխարհի 180 երկրներից միայն Հայաստանի կամ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի համար է բացառություն արվել, ո՞րն է Վատիկանի այդպիսի «սիրալիր» վերաբերմունքի իրական պատճառը

Հենց այստեղ է, որ նորից «օգնության է գալիս սույն լրատվամիջոցը»` նկատելով, թե «Վատիկանը գրավիչ է իր ներդրումային միջավայրով»: 

Իսկ մենք էլ հավելենք, որ ընդամենը երեկ ընտրված Հռոմի նոր պապի առաջնային խնդիրներից մեկը մեծաթիվ փորձագետներ համարում են Վատիկանի բանկի բարեփոխումը, որը այս պահին բավականին ծանր ժամանակներ է ապրում: Հաշվի առնելով բանկում առկա միջոցների մեծ ծավալը`այնտեղ տեղի ունեցող տրասնֆորացիաների ազդեցությունը համաշխարհային արժույթային ու ֆոնդային բորսաներում շոշափելի է լինելու: Սակայն Վատիկանը ձգտում է բանկը դարձնել համաշխարհային խաղացող տնտեսական զարգացումներում: Եվ այս ֆոնին բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:

Գաղտնիք չէ, որ բացառապես իր` փեսայի կարգավիճակի շնորհիվ Միքայել Մինասյանը դարձել է ամենահարուստ օլիգարխներից մեկը: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ վերջին 13 տարիների ընթացքում կլանաօլիգարխիկ համակարգի ձևավորման կնքահայրն ու գլխավոր ճարտարապետը եղել է Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը`Սերժ Սարգսյանը, ապա կարծում ենք, որ զուտ բարեհաջող ներդրումային մթնոլորտ ապահովելու նկատառումներն են, որ Վատիկանի մոտ Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի նկատմամբ նման «բարեհամբույր» վերաբերմունք են առաջացրել, ու «բացառություն է արվել»:

Ընդ որում, ինչպես արդեն նշեցինք, Միքայել Մինասյանը Վատիկանում իր «ոտքը ամրապնդելու պլաններին զուգահեռ»`վախենում է, որ կարող է աստիճանաբար ու, գուցե, անվերադարձ կորցնել իր ազդեցությունը Հայաստանում: Այս պատճառով էլ սույն ԶԼՄ-ն նաև «զգուշացնող» տեղեկատվություն է մտցնում շրջանառության մեջ, թե Վատիկանի կողմից կարող է արվել մեկ այլ «բացառություն» և Վատիկանում դեսպան լինելով`Մ.Մինասյանը մնա Հայաստանում, չնայած, որ «Վատիկանում նշանակված դեսպանների նստավայրը կարող է լինել ամենատարբեր երկրներում, բայց ոչ դեսպանություն բացող երկրում»:

Իսկ մենք էլ միամտորեն մտածում էինք, թե ՀՀ իշխանությունները շահագրգռված են ոչ թե Վատիկանի, այլ Հայաստանի ներդրումային միջավայրի ձևավորմամբ: Ինչպես ասում են`մեկնաբանություններն ավելորդ են:

Արտակ Հակոբյան, Zham.am

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Մարտի 1-ին պետք է ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական գնահատական տալ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն Պետերբուրգում’