‘Ոնց որ հիմա գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել. ՀԱԿ ակտիվիստների գործով վկայի խոստովանությունը’

3197

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 4 ակտիվիստների դատավճռին բազմիցս անդրադարձել ենք: Ստորև ձեզ ենք ներկայացնում դատավճռի հիմքում ընկած ցուցմունքներից մեկի հեղինակի` վկա Հրանտ Միրիջանյանի հետ մեր կարճ զրույցը:

 Հրանտ, դատարանում դու ասել էիր, որ ոստիկանները «տեղդ արել են» և երբ ինչ-որ գործով վկայի կարիք է լինում գալիս են քո հետևից: Սարգսի, Տիգրանի, Արտակի և Դավիթի գործից հետո նման դեպք կրկնվե՞լ է, այլ գործերով որպես վկա քեզ նորց ուժով ներգրավե՞լ են:

 Ուժով էդ մի անգամն է եղել ու վսյո: էդ որ մամայի հետ եկել էինք կինո Ռոսիայի մոտի դատարանը:

 Այսիքն դրանից հետո քեզ այլևս որևէ գործում որպես վկա չե՞ն ներգրավել:

 Չէ, չէ: Դրանից հետո էլ չէ: Դրանից հետո մաման գնացել ա քաղմասի քրեականի պետի հետ խոսաել ա, որ Հրանտին էլ չկպնեն, չգան ու տանեն: Դրանից հետո էլ չեն գալիս: Մաման գնաց ու խոսաց, որովհետև էդ իմ համար պրոբլեմ կարար լիներ: Ստեղ մի հատ մեքենա որ խփեր ես պետքա գնայի էդ փողը փագեյի: Ստեղ իմ բացակայության ընթացքում ինչ լինումա ես եմ պատասխանատու: Դրա համար էի մամային ուղարել կենտրոնականի բաժին, որ հետները խոսա ու ասի, որ իմ հետևից էլ չգան: Ես 13 ժամ ստեղ աշխատում եմ, առավոտվա 11-ից մինչև գիշերվա մեկը: Ամեն օր: Օրական էլ 7000 գծի փո եմ տալիս, ինձ էլ մի 3-4 հազար դրամ ա մնում:

 Հրանտ, հիմա որ մտածում ես, վերհիշում ես օգոստոսի 9-ի գործով դատական նիստը` արժե՞ր նման բան անել, արժե՟ր գնալ դատարան և կեղծ ցուցմունք տալ այդ երիտասարդների դեմ:

— Դե չգիտեմ: Ինձնից էդ ժամանակ ինչ հասնում էր` արեցի: Եկա ու դա ասեցի: Ներկայացա, գործից կտռվեցի ու եկա:

 Գիտե՞ս, որ այդ երիտասարդներին դատարանը այդ թվում և քո կողծ ցուցմունքի հիման վրա մեղավոր ճանաչեց:

— Չէ…Չգիտեի: Քանի՞ տարի:

 Տիգրանին`6, Սարգսին և Դավիթին` 2, Արտակին` 3 տարի:

(Հրանտը ծխախոտ է վառում և սկսում է լուռ ծխել):

 Քեզ մեղավոր զգում ե՞ս անմեղ երիտասարդների ազատազրկման համար:

— Հա…Հա: Ոնց որ հիմա գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել: 31 տարեկան տղա եմ: Էդ տղեքը ինձնից ջահել են:

— Վաղը լրանում է այն օրը, ոոր Վճռաբեկ դատարանը պետք է որոշի` ուժի մեջ թողել տղաների նկատմամբ կայացված դատավճիռը, թե ոչ: Դու պատրա՞ստ ես դատարանին դիմել և խնդրել անմեղ երիտասարդների դատավճիռը կասեցնել:

 Հա: Ո՞նց չէ: Արժի անել:

 Այդ տղաներից ներողություն կխնդրես նրանց դեմ կեղծ ցուցմունք տալու համար:

 Հա: Ո՞նց չէ:

 Հրանտ, եթե այսօր քո հետևից գան և նորից պահանջեն նույն բանը անել` կանե՞ս:

— Չէ: Էլ չեն գա ստեղ: Մաման իրանց մոտ գնացել ա ու ասել ա:

Նշենք, որ 2011թ.-ի օգոստոսի 9-ի դեպքի մասին դատարանում նա նախ ասել էր, որ այդ օրը Խնկո-Ապոր գրադարանի մոտ հավաքված երիտասարդներ ու «միլիցեքի» է տեսել, քաշքշուկ է տեսել ու հայհոյանքներ է լսել: Նա չէր հիշել, թե  երբ է տեղի ունեցել միջադեպը, իսկ ավելի ուշ ասել էր, որ տեղի է ունեցել աշնանը, քանի որ ինքն արդեն «բուշլատով էր»: Հիշեցնենք, որ իրականում դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, երբ Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, որը կալանքի տակ է մինչ օրս:

Դատական նիստի ընթացքում, երբ պարզ դարձավ, որ վկան իրականում չի գտնվել դեպքի վայրում և իր խոքերը հավաստի չեն, երիտասարդներ պաշտպանը սկսել էր նրան խաչաձև հարցեր տալ: Եւ ահա հարցուպատասխանի ընթացքում Միրիջանյանը ի վերջո ստիպված էր եղել պատմել, որ արդեն մի քանի անգամ իր «շորերը քաշելով տնից տանում են» ոստիկանության բաժին ու ասում են. «Եթե վկայություն չտաս, քեզ աշխատանքից կհանենք»: Հարցին, թե ով է իրեն նման բան ասել,  Միրիջանյանը ասաց. «Կենտրոնի օպերները` Կարենն ու Սերգեյը»: Իսկ նիստի ընդմիջման ժամանակ Միրիջանյանի մոր` Ռոզան լրագրողներնի հետ էր զրուցել: «Ես դատախազություն եմ բողոքել, հեսա Գասպարյանին (ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին- հեղ.) էլ եմ բողոքելու: Ամեն անգամ գալիս, ծեծով-ջարդով տանում են տարբեր գործերով որպես վկա ու վախացնում են, որ եթե չգնա` գործից կհանեն: Մինուճար տղես ա, բայց հեսա գլխին մի բան բերելու են: Հենա, ամսի 11-ին էլ էս նույն դատարանում պլանի գործով ինչ-որ դատի են կանչել»,- պատմել էր կինը:

Անի Գևորգյան

«ՉԻ»

Նշենք նաև, որ այսօր Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքի կապակցությամբ:

Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ այսօր լրանում է ակտիվիստների վճռաբեկ բողոքը քննության առնելու կամ վերադարձնելու վերաբերյալ որոշում կայացնելու վերջնաժամկետը: Բողոքը վերադարձնելու որոշման դեպքում ստորադաս դատական ատյանների դատավճիռները կմտնեն ուժի մեջ, եւ ակտիվիստներից երեքը` 2-3 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Արտակ Կարապետյանը կտեղափոխվեն կալանավայրեր: 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը 2011-ի օգոստոսից անազատության մեջ է:

Իսկ բողոքը վարույթ ընդունելու պարագայում այդ երեք ակտիվիստների նկատմամբ կշարունակի կիրառվել «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը՝ մինչ վերջին դատական այս ատյանի վճիռը:

Ակտիվիստները վճռաբեկ բողոքով պահանջում են արդարացում:


Նախորդ հոդվածը‘Գորան Պանդեւ. Զանգահարել եմ Մոուրինյոյին եւ ասել, որ քվեարկությունը կեղծվել է’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» պատրաստ է Մխիթարյանի համար վճարել 25 միլիոն եվրո’