‘Ոսկու շուկան գործադուլ է անում «տարեվերջյան» հսկայական տուգանքների պատճառով (թարմացված, տեսանյութ)’

1274

Երեւանի Խորենացու փողոցում գտնվող («բաղնիքի») Ոսկու շուկայի ոսկերիչներն ու վաճառողներն այսօր գործադուլ են հայտարարել: Պատճառը էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տեսչության, գործադուլավորների խոսքով՝ անօրինական գործողություններն են: Վերջին շաբաթների ընթացքում տեսչության աշխատակիցները միլիոնավոր դրամների հասնող տուգանքների են ենթարկում աշխատակիցներին` ոսկու դրոշմակնիքի վրա եղած թերությունների համար:

Ոսկու վաճառքով զբաղվող Մարտուն Մարտիրոսյանին տուգանել են թերություն ունեցող յուրաքանչյուր զարդի համար` 50 հազարական` ընդհանուր առմամբ 2 միլիոն դրամով: Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ, նախ` տեսուչները ստուգում անցկացրել են առանց պատշաճ ծանուցման (ըստ կարգի՝ տեսուչը պարտավոր է ստուգում անցկացնելուց երեք օր առաջ զգուշացնել-խմբ.), միանգամից ներկայացրել են ստուգման թույլտվությունը, եւ թերություն հայտնաբերելով՝ խոշոր տուգանք նշանակել` առանց թերությունը վերացնելու հնարավորություն տալու:

Գործադուլավորները նշում են, որ դրոշմակնիքը դնում են պետական թույլտվություն ստացած տեսչությունները, որոնք գործում են շուկայի տարածքում եւ հարեւանությամբ, այնինչ, «պրոբ խփողին թողած` ոսկի ծախողին են տուգանում, այն էլ` այնպիսի չափով, որ մեզ համար սնանկացում է նշանակում», — ասաց ցուցարարներից մեկը:

«Իրենց (պետության) տված լիցենզիայով են տեսչությունները պրոբ խփում, բայց թերություն գտնելուց մեզ են տուգանում: Ասում են` թիվը լավ չի երեւում, Սասունցի Դավիթի թուրը չի երեւում», — տարակուսեց մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ՝ շուկայում ոսկու առեւտրով զբաղվող շուրջ երկու տասնյակ ձեռներեցներ են տուգանվել, բանց գործադուլի էր դուրս եկել ամբողջ շուկան, որովհետեւ, աշխատակիցների խոսքով, նման թերություն կարելի է հայտնաբերել բոլոր աշխատողների մոտ:

Շուկայի հարեւանությամբ գործող «Գոլդուեյ» հարգորոշման եւ հարգադրոշմման տեղամասի տնօրեն Լիաննա Ավագյանը iLur.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դրոշմակնիքները պատշաճ ձեւով են դրվում: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ հարգադրոշմումը կատարվում է դեռեւս անպատրաստ զարդի վրա, դրանից հետո քարեր են տեղադրում, փայլեցնում են հատուկ նյութերով, եւ հնարավոր է, որ դրոշմը մաշվի:  

Իսկ շուկայի աշխատակիցները համոզված են, թե որն է ստուգողների ակտիվության պատճառը`  տարեվերջ է, կառավարությունը Նոր տարվա համար փող է հավաքում: Շուկայի աշխատակիցներից Շողիկ Առաքելյանն էլ նշեց, որ եթե շարունակվի «պետական ռեկետը», աշխատողները փակելու են դռները ցանկացած կարգի ստուգողների դիմաց: «Ես ինքս թույլ չեմ տա իմ սեղանին մոտիկ գան, կվռնդեմ: Եթե դու մարդկայնորեն ես մոտենում, նախ` զգուշացրու, տուգանելիս էլ` չափի մեջ: Եթե հարգը ցածր է, տուգանեք, կտրեք ձեռքը, չգիտեմ, բայց մեզնից ի՞նչ եք ուզում»,- ասաց նա:

Ցուցարարները երթով շարժեցին դեպի Կառավարության տուն` իրենց բողոքը փոխանցելու: Նրանց պահանջով շենքից դուրս եկավ Կառավարության դիմումների քննության բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանը: Նա լսեց ցուցարարների բողոքը, խոստացավ ներկայացնել այն էկոնոմիկայի նախարարություն եւ հորդորեց «հանգիստ գնալ` աշխատելու»: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը բյուջեից 12 մլն դրամ կտա՝ «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի արտոնագրի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևի և Բրյուսելի միջև «Տիմոշենկոյի հարցով» սակարկություններ էին ընթանո՞ւմ՝ 2015-ի ընտրություններում նրա առաջադրումը թույլ չտալու առնչությամբ ‘