‘Որդին մեղադրվում է մորը խոշտանգելու մեջ’

1229

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում քննվում  է ընտանեկան խոշտանգումների փաստով հարուցված քրեական գործ, որն իր տեսակի մեջ կարելի է համարել աննախադեպ. որդին մեղադրվում է մորն ու տատկին խոշտանգելու մեջ։ Ընդ որում՝ կնոջ հետ միասին։

Ըստ մեղադրանքի, Գուրգեն Գրիգորյանն իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ միասին, ամիսներ շարունակ՝ 2012թ.  փետրվարի 1-ից մինչև  հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում   մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել ու խոշտանգել Գուրգեն  Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին և տատիկին` Նազիկ Կարապետյանին, հայտնում է Փաստինֆոն:
 
Այսպես,  2011թ.  դեկտեմբերի  26-ին Գ.Գրիոգորյանը կնոջ  ու մանկահասակ երեխայի հետ բնակության  են տեղափոխվել  մոր՝  Թագուհի Գրիգորյանի տուն, որտեղ բացի մորից բնակվում  էր նաև 82-ամյա տատը՝  Նազելի  Կարապետյանը:  Համատեղ բնակության ընթացքում տան հետ կապված և կենցաղային հարցերով   որդին ու հարսը վիճաբանել են, պարբերաբար  ծեծել, բռնությունների ու խոշտանգումների են ենթարկել կանանց, պատճառել մարմնական վնասվածքներ,  նրանց հասցեին խուլիգանական բնույթի  հայհոյանքներ ու անբարո արտահայտություններ արել, ստորացրել  նրանց պատիվն ու արժանապատվությունը, նվաստացրել, անգամ արգելել օգտվել  կոմունալ հարմարություններից:
  
Մեղադրական եզրակացության համաձայն, որդին որեւէ խտրականություն չի դրել բռնության ձեւերի միջեւ եւ մորը հարվածել է թե ոտքով, թե ձեռքերով մարմնի տարբեր մասերին, այդ թվում դեմքին, կրծքավանդակին, իսկ 82-ամյա տատիկին հարվածել է բռունցքներով։
 
Գուրգեն Գրիգորյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ և 113-րդ հոդվածի առաջին մասերով՝  դիտավորությամբ առողջությանը ծանր ու միջին ծանրության վնաս պատճառելը,   119-րդ հոդվածի  2-րդ մասի  1-ին,  3-րդ և  5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի  կողմից նյութական կամ այլ  կախվածություն ունեցող  երկու կամ  ավելի անձանց նկատմամբ խոշտանգում, իսկ Գրիգորյանի տիկնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Սեդրակյանին ապօրինի են կալանավորել’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանները պահանջում են հրապարակել բոլոր թեկնածուների տվյալները’