‘Ուեյն Ռունին հետևելու է Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտին’

1102

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ներկա է լինելու պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Փոլ Սմիթի ռևանշ-մենամարտին: Ռունին Սմիթի ընկերն է և որոշել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի` փետրվարի 21-ին կայանալիք «Սուոնսի Սիթիի» հետ հանդիպումից հետո անմիջապես մեկնել Գերմանիա, որտեղ Բեռլինի «O2 World» մազապալատում կայանալու է սպասված մենամարտը: 

Հիշեցնենք, որ Աբրահամի և Սմիթի առաջին մենամարտից հետո, որում հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109), Ռունին հայտարարել էր` մրցավարների որոշումն արդար չէ և հաղթանակը պետք է շնորհվեր Սմիթին:

«Ուեյնը ցանկանում է ներկա լինել և աջակցել ինձ: Մի քանի օր առաջ նա ինձ զանգահարեց և ասաց, որ «Սուոնսիի» հետ խաղից հետո կժամանի Բեռլին: Հույս ունեմ` ամեն ինչ լավ կընթանա»,-Սմիթի խոսքը մեջբերված է «Ran.de»-ից:

 

Ռունիի աջակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է:

«Ռունին տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն բռնցքամարտից ոչինչ չի հասկանում: Առաջին մենամարտում բացարձակ հաղթանակ տոնեցինք, և միայն մի քանի անգլիացի լրագրողներ և Ռունին կասկածներ ունեցան»,- ասել է Ուլի Վեգները:

Մարզիչը նաև նշել է, որ Արթուր Աբրահամն անակնկալ է պատրաստել Ուեյն Ռունիի համար և այն կներկայացնի մենամարտի օրը:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը կպարզի՝ «սոված է, թե՞ քունն է տանում». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. համեմատ՝ Ծառուկյանի ընկերությունների վճարած հարկերը կրկնապատկվել են. «ՀԺ»’