Ուիմբլդոն․ Նովակ Ջոկովիչը եզրափակիչում է

530

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Այս մրցաշարի հաղթողի կոչումը պաշտպանող սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 7:5, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 44 րոպե։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինին, որը կիսաեզրափակիչում 6։3, 6։0, 6։7 (3։7), 6։4 հաշվով հաղթել էր լեհ Հուբերտ Հուրկաչին եւ առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Ջոկովիչը հինգ անգամ է հաղթել Ուիմբլդոնի մրցաշարում։ Հաղթող դառնալու դեպքում նա կհավասարվի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ իսպանացի Ռաֆայել Նադալին, որոնք 20-ական տիտղոս ունեն «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է, մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ հոդվածը«Ռոման» նոր դարպասապահ ունի
Հաջորդ հոդվածըՄՕԿ-ը սպառնում է հանել ծանրամարտը օլիմպիական ծրագրից