Ուկրաինայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է

297

Հինգշաբթի օրը Օսլոյում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ուշադրության կենտրոնում Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինային մոտեցնելու ուղիների որոնումն էր։

Մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հիշեցրել է Կիևի դաշնակիցների ստանձնած պարտավորությունները և կատարված գործողությունները՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության երաշխիքներ, որպեսզի պատմության կրկնություն թույլ չտրվի։

«Մենք չգիտենք, թե պատերազմը երբ կավարտվի, բայց պետք է համոզված լինենք, որ երբ ավարտվի, մենք հուսալի մեխանիզմներ կունենանք, որոնք կերաշխավորեն ապագայում Ուկրաինայի անվտանգությունը և կդադարեցնեն Ռուսաստանի ագրեսիայի շարքը։ Եթե նախագահ Պուտինը Ուկրաինայում հաղթի, դա աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի, դա ավտորիտար առաջնորդների համար ազդանշան կլինի, որ երբ նրանք ուժ կիրառեն, ապա կստանան այն, ինչ ուզում են։ Եվ դա մեզ ավելի խոցելի կդարձնի»,- ասել է Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգը նաև հույս է հայտնել, որ մինչև Վիլնյուսում հուլիսին կայանալիք գագաթնաժողովը՝ Շվեդիայի անդամակցության արգելափակումը կհաղթահարվի։ Հաղորդվում է, որ գլխավոր քարտուղարն «առաջիկայում» կմեկնի Անկարա՝ բանակցությունների։ Շվեդիայի անդամակցության համար պակասում է Թուրքիայի և Հունգարիայի համաձայնությունը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՕրբան․ Անհրաժեշտ է թույլ չտալ ուկրաինական հակահարձակումը
Հաջորդ հոդվածըՈՒԱԾ-ը կալանք է դրել Մեդվեդչուկի կնոջ 20 մլն դոլար ակտիվի վրա