‘Ուկրաինայի արտգործնախարարը հայհոյել է Պուտինին’

1162

Շաբաթ օրը Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված հարձակման հետ կապված սկանդալը շարունակվում է թեժանալ: Համացանցում հայտնվել են Ուկրաինայի ատաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի ելույթի կադրեր, ով եկել է ցուցարարների մոտ և փորձում է հանդարտեցնել կրքերը: Սակայն Մոսկվան անչափ վրդովված է նախարարի պաշտոնակատարի պահվածքից: Ուկրաինայի արտաքին գերատեսչության նախարարը տեսախցիկի առաջ հայհոյում է Վլադիմիր Պուտինին, որից հետո ակտիվիստները սկսում են վանկարկել Ուկրաինայում շատ տարածված «Պուտին-լա-լա-լա» կոչը:

Պաշտոնական Մոսկվան, ի դեմս Սերգեյ Լավրովի՝ կիրակի օրը  հայտարարել է, թե Դեշչիցան անցել է պատշաճության բոլոր սահմանները: «Նա լավ ուսուցիչներ ունի. նրանք, ովքեր Վաշինգտոնում ակտվորեն պաշտպանում են ուկրաինական գործող իշխանություններին, նույնպես չեն խորշում այդ կարգի թունդ խոսքերից»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը և հավելել, թե չի պատկերացնում՝ «դրանից հետո ինչպես պետք է Դեշչիցան աշխատի» Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Ի դեպ, 2008 թ. Վրաստանի հետ պատերազմից հետո ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը, բրիտանական մամուլի հաղորդման համաձայն, Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա արտգործնախարար Դևիդ Միլիբանդի հետ հեռախոսազրույցում նույնպես իրեն թույլ էր տվել հայհոյական խոսքեր ասել, հենց իր՝ Լավրովի խոստովանությամբ՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին: Ճիշտ է, դա եղել էր մասնավոր զրույցի ընթացքում:

Մեկնաբանելով հարձակումը Ռուսաստանի դեսպանատան վրա՝ Լավրովը նաև ասել է, թե դիվանագետների տպավորությամբ՝  ցուցարարների նպատակն է եղել շենքի գրավումը և արյունահեղություն հրահրելը: Փոխանցում է gazeta. Ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խուան Մանուել Սանտոսը վերընտրվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Արտակարգ հանդիպում Եվրախորհրդարանում՝ Ուկրաինայի հետ բանակցությունների տապալման կապակցությամբ’