‘Ուկրաինայի եկեղեցիների առաջնորդները դատապարտում են ուժի գործադրումը Մայդանում ‘

935

Ուկրաինայում քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են ուժի կիրառումը Մայդանում եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը ցրելիս և նախազգուշացրել են հետագայում զերծ մնալ բռնության դիմելուց: «Հիշեցնենք, որ մենք բոլորս Աստծու զավակներն ենք, մեկ երկրի քաղաքացիներ: Ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի քաղաքական գործընթացը դուրս չգա Աստծո պատվիրանների և քրիստոնեական բարոյականության, Սահմանադրության և Ուկրաինայի օրենքների շրջանակներից», Ուկրինական ուղղափառ եկեղեցու Մոսկովյան պատրիարքության Կիևի և ողջ Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրի տեքստն է մեջբերում “Интерфакс”-ը: Միտրոպոլիտը նաև իրենց հավատավոր քրիստոնյա համարող բոլոր քաղաքական առաջնորդներին և պետական գործիչներին հիշեցնում է Աստվածաշնչի խոսքերը. «Եթե մի թագավորություն ինքն իր մեջ կիսվի, չի կարող կանգուն մնալ,  և եթե մի քաղաք կամ տուն բաժանվի ինքն իր մեջ, կկործանվի»:

Իր հերթին՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքության առաջնորդ Ֆիլարետը դատապարտել է Մայդանում տեղի ունեցածը և կոչ արել թույլ չտալ նման իրավիճակներ: «Որպես Եկեղեցի՝ մենք դատապարտում ենք ուժի կիրառումը խաղաղ քաղաքացիների նկատմամբ, ինչն այսօր տեղի է ունեցել Անկախության Մայդանում: Նաև կոչ ենք անում բոլորին, հատկապես՝ միլիցիային, բայց նաև հասարակական ակցիաների մասնակիցներին՝ թույլ չտալ բռնությունների հետագա ծավալումը»:

Ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավ Շևչուկը նույնպես ափսոսանք է հայտնել Մայդանի վերջին իրադարձությունների առթիվ: «Մենք դատապարտում ենք բռնության դրսևորումները, որ իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են խաղաղ ցուցարարների նկատմամբ: Կոչ ենք անում թույլ չտալ բռնությունների ծավալումը, ինչը կհանգեցնի է՛լ ավելի ողբերգական հետևանքների: Մենք չպետք է բռնությանը բռնությամբ, չարին չարով պատասխանենք»:

Ի դեպ, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն նախօրեին ներողություն է խնդրել քաղաքացիներից՝ շաբաթ գիշերը Անկախության Մայդանում անհամաչափ ուժ կիրառելու կապակցությամբ: Նախարարը նշել է, որ կտրականապես դեմ է եղել ուժի կիրառմանը, և հավելել է, որ իր այդ դիրքորոշմանը տեղյակ է պահել իր ենթականերին: Նա նաև ավելացրել է, որ պնդելու է, որպեսզի այդ միջադեպերն օբյեկտիվորեն հետաքննվեն, և մեղավորները պատժվեն:

Ավելի վաղ Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը, ով նախօրեին հայտարարել էր, թե անձամբ է որոշում կայացրել «Բերկուտին» Եվրամայդան ուղարկելու մասին, հրաժարականի դիմում է ներկայացրել, և նրա պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում առաջարկում են կենսաթոշակային բարեփոխումն անցկացնել պլեբիսցիտի միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Ինչ են արել Պուտինն ու Սարգսյանը Գյումրիում’