‘Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը ‘

1324

Ուկրաինան ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Փարիզից «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ աշխարհահռչակ կինոռեժիսորի մասին պատմող իր եւ Ելենա Ֆետիսովայի ֆիլմը մրցանակաբաշխության է ներկայացրել ուկրաինական հանձնաժողովը:

«Օսկրարի»  մրցանակի հավակնորդների կարճ ցանկում հայտնվելու համար պայքարելու են եւս երկու ուկրաինական կինոժապավեններ` Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախտեմա Սեյնթաբլայեւայի «Հայթարմա» ֆիլմերը:

Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:

 «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը  հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվա հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը փակելով հատուկ ցուցադրմամբ: 

Նախորդ հոդվածը‘Բիշքեկում աշխատանքն է սկսել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը’
Հաջորդ հոդվածը‘Սառա Կարբոներո. Չգիտեմ՝ երեխաս որտեղ կծնվի՝ Իսպանիայո՞ւմ, թե՞ արտերկրում ‘