‘Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովն արժանացել է Սախարովի մրցանակի’

2030

Օլեգ Սենցովը դարձել է այս տարվա Սախարովի մրցանակի դափնեկիր:

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած նստաշրջանում «Հանուն Ազատամտության» մրցանակը շնորհել է ուկրաինացի ռեժիսորին, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված Ռուսաստանում՝ անեքսիայի ենթարկված Ղրիմում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով:

«Մրցանակը նրան է շնորհվել խիզախության և համառության համար: Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը դարձել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի խորհրդանիշը: Շնորհելով այս մրցանակը՝ Եվրոպական խորհրդարանը իր համերաշխությունն է հայտնում Օլեգ Սենցովին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Եվրախորհրդարանականներն այս որոշումն ընդունել են բուռն ծափահարություններով:

Մոսկվան, իր հերթին, Եվրախորհրդարանի որոշումն անվանել է քաղաքական անսկզբունքայնության դրսևորում և հայտարարել է, թե Սենցովն իրավապաշտպանական վաստակ չունի:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Սախարովի «Հանուն ազատամտության» մրցանակը հիմնադրվել է 1988 թ.: Այն շնորհվում է ամեն տարի՝ չորս ոլորտներում, մասնավորապես՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Վահրամ Բաղդասարյան. Մտնում ենք ԱԺ վերականգնվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանին տուժող չեն ճանաչել’