‘Ուկրաինա. Զինված մարդիկ ճեղքել են սահմանը’

2140

Մի խումբ զինված մարդիկ ուժի գործադրմամբ գրավել են «Կերչ» սահմանապահ ծառայության բաժնի տեղակայման վայրը, հաղորդել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը: «Մարտի 3-ին, մոտավորապես ժամը 19.00-ին, «Ղրիմ-Կուբան» լաստանավային անցակետ է ժամանել «Եյսկ» լաստանավը՝ Ուկրաինա մուտք գործելու համար: Երկու ավտոբուսների սահմանապահ ստուգում անցկացնելիս դրանցից մեկում հայտնաբերվել են ավտոմատ զենքերով և ատրճանակներով զինված յոթ մարդ, որոնք Ուկրաինա զենք ներկրելու թույլտվություն չեն ունեցել»,- ասվում է ուկրաինական սահմանապահ ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այդ անձինք բանի տեղ չեն դրել սահմանապահ ծառայության արգելքը և ներխուժել են անցակետ: Ուկրաինական կողմն այդ մարդկանց ներկայացրել է որպես Ռուսաստանի Սևծովյան նավատորմի զինծառայողներ: Վերջիններս դուրս են մղել ուկրաինացի սահմանապահներին և դիրքեր գրավել ողջ տարածքում: Հաջորդ լաստանավով ժամանել են երեք բեռնատար «Կամազ» մեքենաներ՝ զինյալներով:Մեքենաները ճեղքել են անցակետը և շարժվել դեպի Ուկրաինա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհներ տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ուժեղագույն կազմով մեկնել է Ռուսաստան’