‘Ունենալով լիցենզիա՝ ընկերությունը երկու տարի չի կարողանում առևտուր կազմակերպել’

785

2010 թվականի մայիսի 4-ից ի վեր «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան, տեղեկացնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

 Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը և խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրված գործունեության իրականացմանը` պատճառաբանելով,  որ «Էլագրա» ՍՊԸ-ն պարտավոր է ապահովել օրենքով սահմանված պահանջները: Այնինչ «Էլագրա» ընկերությունը համապատասխանում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։

 Այդուհանդերձ երկու տարի շարունակ «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտրային գործունեություն իրականացնել։ Ավելին, 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգում՝ կապված ՀՀ սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ։ Սակայն այդ փոփոխությունը ևս չէր կարող հիմք հանդիսանալ «Էլագրա» ՍՊԸ-ի գործունեությունը սահմանափակելու համար, քանի որ կառավարության որոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո։

 Ուսումնասիրելով խնդիրը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները:

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ական նախարարն ենթարկվել է սրտի վիրահատության’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք կողոպտել են Բեռլինի բանկը’