‘Չավի. 700 խաղ՝ Բարսայի մարզահագուստով’

1186

Անցյալ շաբաթ «Բարսելոնայի» երկրորդ ավագը, ով վերջին տարիներին, Պույոլի վնասվածքների հետ կապված՝ ավելի ու ավելի հաճախ է կրում թիմի ավագի թևկապը, անցկացրեց իր 700-րդ հանդիպումը հարազատ թիմի կազմում:

Այն բանից հետո, երբ 1998-ին նա Լուի Վան Գաալի օրոք նշեց իր դեբյուտը «Մալյորկայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի համար խաղում, նա 16 մրցաշրջանների ընթացքում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում՝ 3 Չեմպիոնների լիգայի գավաթ:

Իր ինքնակենսագրականում կատալոնացին արդեն իսկ պատմել էր նրա մասին, որ 1999-ին կարող էր հեռանալ Բարսայից և տեղափոխվել «Միլան»: El Mundo Deportivo-ի հետ զրույցում 33-ամյա Չավին, պատմելով իր կարիերայի կարևոր կետերի մասին, նոր բացահայումներ է արել՝ խոստովանելով, որ ԵՎՐՈ 2008-ի ավարտից հետո, որում նա ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն:

«Ամեն ինչ շատ լուրջ էր: Մենք նույնիսկ հանդիպեցինք «Բավարիայի» մարզչի և Բրանչինիի հետ (գործակալ): Բայց մտորելու համար ժամանակ չեղավ, քանի որ հայտնվեց Պեպը և պնդեց, որ նա պատրաստվում է թիմը կառուցել մի քանի խաղացողների շուրջ, այդ թվում և իմ: Ես չսխալվեցի և ճիշտ որոշում կայացրի, քանի որ իմ ցանկությունն է կարիերաս Բարսայում ավարտելը, իսկ Պեպը, ով ինձ համոզեց մնալ, այժմ արդեն ինքն է «Բավարիայում: Ֆուտբոլը անհավանական երևույթ է»:

Չավին նաև մեկնաբանել է իր «Նյու-Յորք Ռեդ Բուլս» տեղափոխման վերաբերյալ խոսակցությունները: «Ինձ ոչ ոք որևէ բան չի առաջարկել: Նյու-Յորքի մասին կարող եմ միայն ասել, որ գիտեմ, որ այնտեղ ցուրտ է այժմ: Անրիի հետ(Չավիի նախկին խաղընկերը այժմ խաղում է «Նյու-Յորք Ռեդ Բուլսում») չեմ զրուցել, ես նրա հեռախոսահամարը նույնիսկ չունեմ»:

El Mundo Deportivo-ին խաղացողը պատմել է իր «Բարսելոնյան» կարիերայի բոլոր մարզիչների, իր խաղի վրա ազդեցություն ունեցող այլ թիմերի ֆուտբոլիստների և ամենահիշարժան պահերի՝ գոլերի և խաղերի մասին:

Լուի Վան Գաալ — «Նա կյանք տվեց իմ կարիերային: Արդեն 17 տարեկանում նա ինձ ներգրավեց առաջին թիմի մարզումներին, իսկ հետո նաև վստահեց ինձ, երբ վնասվածք ունեին Պեպն ու Ալբերտ Սելադեսը: Նա շատ պահանջկոտ մասնագետ էր, և ես միշտ շնորհակալ կլինեմ նրան»:

Լորենցո Սերրա Ֆերեր — «Նա վստահում էր «կանտերանոներին», բայց հետո վնասվածքից վերականգվեց Գվարդիոլան և սկսեց ավելի շատ խաղալ, քան ես: Նա միշտ անկեղծ էր, ինչն օգնեց ինձ և իմ ընտանիքին: Ես լավ հիշողություններ եմ պահպանում նրա վերաբերյալ»:

Կարլես Ռեկսաչ — «Նա պրակտիկ մարզիչ էր: Լավ էր հասկանում ֆուտբոլից և հիանալի տակտիկ էր: Նրան հաջողվեց հանգստություն բերել հանդերձարան՝ մեզ համար դժվար ժամանակաշրջանում»:

Ռադոմիր Անտիչ — «Առաջինն էր, ով ինձ ավելի բարձր խաղալու հարավորություն տվեց: Ես պետք է խաղադաշտում ավելի որոշիչ լինեի և կատարեի վերջին փոխանցումը»:

Ֆրանկ Ռայկաարդ — «Սկզբում նա ցանկանում էր, որպեսզի մենք խաղանք երկու հենակետայիններով, բայց շուտով՝ 2-3 խաղ հետո, մենք վերադարձանք մեզ համար դասական տարբերակին»:

Պեպ Գվարդիոլա — «Նա հեղափոխություն կատարեց թե՛ Բարսելոնիզմի, թե՛ համաշխարհային ֆուտբոլի համար: Նրա հետ ես սկսեցի սովորել և տիրապետել տակտիկայի վերաբերյալ բազմաթիվ նրբությունների»: Պեպը մեզ ասում էր. «Եթե դուք անեք ամեն ինչ այնպես, ինչպես ես եմ ձեզ ասում, մենք կհաղթենք»:

Տիտո Վիլանովա — «Նա Պեպի փիլիսոփայության շարունակության կողմնակիցն էր: Ավելի կշռադատված և հանգիստ էր և հիանալի էր որպես տակտիկ: Ֆուտբոլը ընկալում էր ինչպես ֆիլմը»:

Ժորդի Ռոուրա — «Նրա համար դժվար էր փոխարինել Վիլանովային, հատկապես մամլո ասուլիսների ժամանակ: Չէր փորձում մեզ պարտադրել իր մտքերը: Նրա համար մեծ պատիվ էր թիմը ղեկավարելը»:

Տատա Մարտինո — «Ասում են, թե նա փոխում է մեր ոչը, բայց մենք շարունակում ենք նույն միտքը պահպանել՝ բացառությամբ մի քանի նրբությունների: Նա աշխատում է մաքսիմալ կերպով: Եվ ուղղիղ մարդ է»:

Խոսելով երկար տարիներ եվրոպական գրանդ ակումբներում հանդես եկած խաղացողների մասին՝ Չավին առանձնացնումէ Ռայան Գիգսին, ում նա մոտ է գերազանցելուն ՉԼ-ում խաղերի քանակով: Պաոլո Մալդինիին, Խավիեր Զանետիին, Կանավարոյին և Պիրլոյին և իր խաղաոճին ամենաշատը մոտ համարվող անգլիացուն՝ Պոլ Սքոուլզին:

Բարսայի մեծագույն հարձակվողնե՞րը: «Ռիվալդոն աշխատասեր էր և մեծ պրոֆեսինալ: Ռոնալդինյոն հրաշալի էր, երբեմն ինքն էլ չէր նկատում թե ինչեր էր ունակ անել»: Եվ Էտո՛օն, ով նույնպես շատ արդյունավետ էր»:

Լավագույն գո՞լը: «2004-ին մադրիդյան «սուպերկլասիկոյի» հաղթական գոլը, որը նոկաուտի ենթարկեց Մադրիդին մրցաշրջանի ավարտին: Տուգանայինից խփածս գոլը գավաթի եզրափակչում, «Ատլետիկի» դեմ և «Սանտոսի» դեմ խփածս գոլը Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում»:

Լավագույն խաղե՞րը: ««Ռեալի» դեմ տարած հաղթանակները՝ 2-6-ն ու 5-0-ն: Մենք չէինք ցանկանում, որ այդ խաղերն ավարտվեն, իսկ հանդերձարանում անվերջ պարում էինք»:

Լավագույն հսկողությունը խաղադաշտում իր հանդե՞պ: «Մորրիսը, Մաուրո Սիլվան, Ալբելդան և Չիկոն: Պեպը ինձ ասաց, որ միայն անկյունային դրոշակի մոտ էր, որ Չիկոն ինձ մենակ էր թողնում:

Լավագույն մրցավարնե՞րը: «Մեխուտո Գոնսալեսն ու Իտուրալդե Գոնսալեսը: Նրանք բավականին շատ էին շփվում: Ներկայիս մրցավարներից Մատեո Լաոսը, նա, հնարավոր է, վատ հեղինակություն ունի, բայց լավագույններին միշտ է այդպես պատահում»:

Լավագույն հաճոյախոսությո՞ւնը:«2011-ին Ռունիի խոսքերը: Երբ ՉԼ-ի եզրափակիչ սուլիչին դեռևս մնացել էր 10 րոպե, և նա ինձ ասաց, որ մենք արդեն չեմպիոն ենք»:

Ամենավատ պա՞հը: «Աբիդալի և Տիտոյի հիվանդությունները: Սրանք արդեն ոչ ֆուտբոլային խնդիրներ են»:

Նախորդ հոդվածը‘Վ.Օսկանյան. Հայաստանը պարտավոր է մասնակցել Սիրիայի հարցով ժնեւյան բանակցություններին’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Ազգային գրադարանի «ատկատների» գործով մեղադրանքը շինծու է (տեսանյութ)’