‘Չեզարե Պրանդելին տրամադրված է հաղթանակի, սակայն զգուշանում է հայերի հակագրոհներից’

929

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին տրամադրված է հաղթանակի, սակայն զգուշանում է հայերի հակագրոհներից: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Հայաստանի հավաքականի հետ հանդիպման նախօրեին նա մտադիր էր փոփոխություններ կատարել իր թիմի մեկնարկային կազմում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 15-ին, ժամը 23:45-ին, Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Իտալիայի հավաքականի հետ:

«Մենք ակնկալում ենք միայն հաղթանակ, սակայն Հայաստանի հետ խաղը, հաստատ, դյուրին չի լինի: Չնայած այն հանգամանքին, որ մենք արդեն կատարել ենք մեր բոլոր առաջադրանքները, տրամադրված ենք միայն հաղթել: Ես մի քանի փոփոխություն կկատարեմ թիմի կազմում, քանի որ պետք է զգուշանանք Հայաստանի հավաքականի հակագրոհներից», — ընդգծել է Պրանդելին:

Միջազգային բուքմեյքերական գրասենյակներն իտալացիների հետ Վարդան Մինասյանի սաների առաջիկա խաղում նախապատվություն են տալիս Չեզարե Պրանդելիի սաներին: Williamhil-ն Իտալիայի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ է ընդունում 1,33 գործակցով, ոչ ոքիի համար` 5,00, հայերի հաղթանակի համար` 9,00 գործակցով: BWIN-ը Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատում է 9,75, ոչ ոքին` 5,50, Իտալիայի հաղթանակը` 1,28: Toto-ն Հայաստանի հավաքականի հաղթանակի հնարավորությունը գնահատում է 7.0 գործակցով, ոչ ոքին` 5,40, իտալացիների հաղթանակը` 1,33 գործակցով:

Ուրբաթ օրը հայ ֆուտբոլիստները Երևանում 2:1 հաշվով հաղթեցին Բուլղարիայի հավաքականին: Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է ընտրական խմբում: Իտալիայի հավաքականը հավաքել է 21 միավոր, Բուլղարիայինը` 13, Դանիայինը` 13, Չեխիայի հավաքականը` 12, Մալթայինը` 3 միավոր:

 

Նախորդ հոդվածը‘Կոմպոզիտոր. Ռոբերտ Ամիրխանյանը վերընտրվելու համար կաշառք է առաջարկում’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Նավապետների առատությունից նավն սկսել է ընկղմվել’