‘Չեխիայի ԱԳ նախարար. Ադրբեջանը, գլուխը ավազի մեջ մտցրած` խոսում է մարդու իրավունքների մասին’

866

Պրահայի Սուրբ Աննիշկա եկեղեցում մարտի 4-ի երեկոյան տեղի է ունեցել չեխական հայտնի «Մեկ աշխարհ»  կինոփառատոնի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տրվող Homo Homini մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը։ Մրցանակը տրվում է կինոփառատոնի կազմակերպիչ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։ Այս տարի այդ պատվավոր մրցանակին արժանացել է ադրբեջանցի հայտնի փաստաբան եւ իրավապաշտպան Ինդիգամ Ալիեւը։ Հանձնելով մրցանակը Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը խորհրդանշական է համարել, որ այս տարվա կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված ջայլամը լիովին ցույց է տալիս Ադրբեջանի այսօրվա վիճակը. «Ադրբեջանը նույնպես գլուխը ավազի մեջ մտցրած` խոսում է մարդու իրավունքների մասին»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է երկրի արտգործնախարարը։

Նա նշել է, որ մրցանակը տրվում է մի մարդու, ով դիկտատուրայի պայմաններում պայքարում է մարդու իրավունքների համար։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչ Յան Կամինսկին բարձր է գնահատել Ինդիգամ Ալիեւի կատարած խիզախ աշխատանքը, նշելով, որ նա, պաշտպանելով քաղաքական գործիչների ու լրագրողների շահերը, իր կյանքը նույնպես վտանգի տակ է դրել։

Այնուհետեւ խոսել է նաեւ Ինտիգամ Ալիեւեը` նախ շնորհակալություն հայտնելով տրված մրցանակի համար, իսկ հետո նաեւ ներկայացնելով Ադբեջանում տիրող իրավիճակը ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառում։ Նա խոսել է այն աղմուկ հանած դատական գործերի մասին, որոնցում ինքը հանդես է եկել իբրեւ փաստաբան։

Ապա նա հարց է ուղղել, թե ինչո՞ւ է Եվրոպան աջակցում նման ավտորիտար ռեժիմին, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Եվրատեսիլ անցկացնելու համար, բայց հազարավոր գյուղեր մնում են առանց ջրի ու էլեկտրաէներգիայի։

Երեկոյի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել կուբացի իրավապաշտպան Յոհաննա Չեզը, ով ներկայացրել է Կուբայում մարդու իրավունքների հետ կապված վիճակը։

Թատերական փոքր ներկայացումից հետո մի հատված է ցուցադրվել անգլիացի ռեժիսոր Լիզ Մերմինի ««Զարմանահրաշ» Ադրբեջան» ֆիլմից, որը կցուցադրվի նաեւ «Մեկ աշխարհ» կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը ցույց է տալիս մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում, եւ թե ինչպիսի աղքատություն ու թշվառություն է տիրում արտաքին շքեղության հետեւում, ինչպես է միջազգային հանրությունը վերաբերում այդ ամենին։

 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ». մեկնարկային կազմերն ու Ֆերգյուսոնի անակնկալները’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը տեղափոխվեց մեկուսարան’