‘Վարդան Սեդրակյանը տեղափոխվեց մեկուսարան’

1551

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  նախաքննական մարմնի միջնորդությունը եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը պատվիրելու մեջ: Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել ցուցմունքներ տալ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա  ու դիմել փախուստի:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Դեպքի վայրից առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ  հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից վիրահատության ընթացքում:

Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:

Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:

Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
 

«Փաստինֆո»

 

Նախորդ հոդվածը‘Չեխիայի ԱԳ նախարար. Ադրբեջանը, գլուխը ավազի մեջ մտցրած` խոսում է մարդու իրավունքների մասին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր լրացավ Իոսիֆ Ստալինի մահվան 60-րդ տարելիցը’