‘Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ. ՊՍԺ — «Բարսելոնա» և «Բավարիա» — «Յուվենտուս»’

1346

Երեքշաբաթյա ընդմիջումից հետո, այսօր բոլոր ֆուտբոլասերները անհամբեր սպասում են երեկոյան հնչող Չեմպիոնների լիգայի օրհներգին, որով և կսկսվի եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանի հետհաշվարկը:

Ցավոք սրտի, վիճակահանության արդյունքում ձևավորված ամենահետաքրքիր խաղային զույգերը հանդիպելու են միևնույն օրը: Դեռևս ՉԼ-ում ամենամեծ հաջողությանը հասած արաբական նախագիծն՝ ընդդեմ եվրոպական ֆուտբոլային էլիտան գլխավորող Բարսայի:  Եվ դասական իտալագերմանական հակամարտություն` iLur.am-ի`ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղային օրվա անոնսում:

ՊՍԺ — «Բարսելոնա»

«Պարկ դը Պրենս» մարզադաշտ, սկիզբը` ժամը 22:45:

Տպավորություն կա, որ այս հանդիպումը կդիտեն միայն այս թիմերի երկրպագուները և բարսաատյացները: Կամ միգուցե նրանք, ում հետաքրքիր է երկու գերաստղերի` Իբրահիմովիչի և Մեսիի հերթական դիմակայությանը;

ՊՍԺ-ն, անհաջող մեկնարկելով մրցաշրջանը, ի վերջո կարողացավ շտկել իրավիճակը, ի շնորհիվ բարձրակարգ աստղերի և փորձառու մարզչի: Հատկապես հաջող ստացվեց դեկտեմբեր-հունվար ամիսները, որոնցում փարիզեցիները ներքին առաջնությունում անցկացրած 8 անդիպումներից հաղթեցին 7-ում և, ինչը ամենակարևորն է, ոչ մի գնդակ այդ խաղերից և ոչ մեկում բաց չթողեցին: Այդ ընթացքում ակումբի արաբ սեփականատերերը շարունակեցին ուժեղացնել թիմի կազմը՝ ձեռք բերելով բրազիլացի Լուկաշ Մոուրային և անգլիացի Դևիդ Բեքհեմին: Լուկաշի տրասֆերը միտված էր թիմի խաղը Իբրահիմովիչի կախվածության խնդրից ձերբազատելու, իսկ Բեքհեմինն ավելի շատ գովազդային նշանակություն ուներ:

ՉԼ-ում էլ Կարլո Անչելոտիի թիմը նույնպես լավ ելույթներ ունեցավ: Ոչ ամենաբարդ խմբում գրավելով առաջին հորիզոնականը, 1/8-րդ փուլում ՊՍԺ-ին բաժին հասավ «Վալենսիան», որին, հաշվի առնելով թիմերի խաղացողների կարգերի տարբերությունը, փարիզեցիները նույնպես պետք է շրջանցեին:

1/4-րդ ում Լեոնարդոյի գլխավորած նախագծի բախտը այդքան էլ չբերեց, քանի որ նրանց բաժին հասավ «Բարսելոնան» և ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի առջև դրած խնդիրը, այն է հաղթել ՉԼ-ում, առնվազն պետք է հետաձգել ևս մեկ մրցաշրջան: Բայց Անչելոտին իհարկե կփորձի. համենայն դեպս, նա իր տրամադրության տակ ունի շատ ավեի բարձրակարգ կատարողներ, քան նույն «Միլանը»:

«Բարսելոնայի» համար այս մրցաշրջանը բոլոր առումներով շատ տարօրինակ դասավորվեց: Դեռևս մրցաշրջանից առաջ շատերը պնդում էին, որ առանց Գվարդիոլայի խաղացողները իրենց կզգան որբի կարգավիճակում և չեն կարողանա պահպանել այն խաղամակարդակը, որին հասել էին Պեպի օրոք: Ցավոք, Վիլանովայի սաները, ովքեր ցուցադրում էին գրեթե նույն ֆուտբոլը, բացառությամբ երևի թե պաշտպանությունում բացահայտ խնդիրների, տոներից հետո իսկապես նմանվեցին որբերի: Վիլանովան երկրորդ անգամ ուռուցքի ի հայտ գալուց հետո մեկնեց բուժման ԱՄՆ և Բարսան արդեն մարտ ամսին կանգնեց մրցաշրջանը ձախողելու վտանգի առջև: Ձախողել իհարկե, Բարսայի համար, քանի որ «Լա լիգան» կարելի էր կատալոնցիներինը համարել արդեն սեպտեմբերից:

Բայց, ինչպես Չավին էր ասում, «այս թիմին մեծագույն դառնալու համար պակասում է էպիկական շրջադարձ», և նրանց հաջողվեց դա անել: «Միլանի» հետ 4-0-ից հետո, ֆուտբոլիստները շատ վճռական են տրամադրված Տիտոյի վերադարձին զուգընթաց ոսկե դուբլ ձևակերպելու, որը անելու համար նախևառաջ շատ կարևոր է չհայտնվել այն իրավիճակում, երբ նրանք երկրորդ շրջադարձի կարիքը կունենան:

Հավանական մեկնարկային կազմերը

ՊՍԺ

Տյագո Մոտտայի վնասվածքի պայմաններում հիմնական կազմի հետ կապված մնում է շատ քիչ հարցեր: Նախ, աջ պաշտպանի դիրքը, որտեղ ամեն դեպքում Վան դեր Վիլի հայտնվելը Ժալյեյի փոխարեն ավելի հավանական է թվում: Իսկ կենտրոնում Մոտուիդիի կողքին ամենայն հավանականության կխաղա «նոր Պիրլոն»` Վերատտին, և ոչ թե Դևիդ Բեքհեմը:

Սիրիգու, Վան դեր Վիլ, Տյագո Սիլվա, Ալեքս, Մաքսվել, Մատուիդի, Վերատտի, Պաստորե, Լուկաշ Մոուրա, Լավեցի, Իբրահիմովիչ:

«Բարսելոնա»

Բարսայում խնդիրները կապված են հավաքականից վնասվածքով վերադարձած Չավիի և Ժորդի Ալբայի հետ: Վնասվածքի և որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Պույոլն ու Պեդրոն, և եթե առաջինի փոխարեն պարզ է, որ կխաղա Մասչերանոն, ապա Պեդրոյի հավանական փոխարինողներն ավելի շատ են: Ինյեստա, Սանչես, Տելյո. Անդրեսը իրեն շատ ավելի լավ է զգում կենտրոնում, Սանչեսը շարունակում է խայտառակ վատ ելույթներ ունենալ, և Տելյոյի հայտնվելը հիմնական կազմում, հատկապես «Սելտայի» դեմ անցկացրած փայլուն խաղից հետո, ավելի նախընտրելի է թվում:

Վալդես, Ալվեշ, Պիկե, Մասչերանո, Ալբա, Բուկետս, Չավի, Ինյեստա, Տելյո, Վիլյա, Մեսսի:

Ի՞նչ կարելի է սպասել

Մոտտայի բացակայությամբ Անչելոտին կենտրոնում մնում է առանց կոպիտ հենակետայինի, ով ամեն դեպքում հավակնում էր որոշակիորեն վնասազերծելու Բարսայի կենտրոնում խաղարկումները: Բացի դա, հետաքրքիր կլինի հետևել Ալբա-Լուկաշ Մոուրա դիմակայությանը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս մրցաշրջանում Բարսայի ակտիվ եզրը հենց Ալբայի ձախ թևն է: Իսկ ընդհանրապես, ՊՍԺ-ն, ինչպես և բոլորը, կփակվի հնարավորինս սեղմ, և կբացվի հնարավորինս արագ, փորձելով օգտագործել Իբրահիմովիչի, Տյագո Սիլվայի և Ալեքսի առավելությունը երկրորդ հարկում պայքարում:

«Բավարիա» — «Յուվենտուս»

«Ալյանց Արենա» մարզադաշտ, սկիզբը ժամը 22:45:

Իրականում հենց այս զույգն է, որտեղ բոլորը զգուշանում են կանխատեսումներ անելուց: Յուվեին հենց այսպիսի հանդիպում է անհրաժեշտ եվրոպական ֆուտբոլային էլիտա վերադառնալու համար, իսկ բավարացիների համար սա վերջին փորձն է՝ նվաճելու ՉԼ-ն մինչ Գվարդիոլայի կողմից կատարվելիք հեղափոխությունը: Այսօր Մյունխենում իրար դեմ կմրցեն աշխարհի ներկայիս լավագույն դարպասապահները` Նոյերն ու Բուֆոնը, թերևս լավագույն կենտրոնական պաշտպանները` Դանթեն և Բարձալյին: Եվ այս ամենը Պիրլո – Շվայնշտայնգեր և իհարկե՝ Կոնտե-Հայնկես դիմակայության ֆոնի վրա:

Եթե դուք նախընտրում եք իրական պայքար, ապա այսօր Փարիզում ձեզ համար որևէ նման բան չեն պատրաստել, բարի գալուստ Մյունխեն:

«Բավարիայում» մի փոքր անհանգստացան «Արսենալից» կրած պարտությունից հետո և սկսեցին ավելի զգուշավոր լինել այս մրցաշրջանում իրենց հավակնությունների հետ կապված: «Բունդեսլիգան» այսպես հեշտ նվաճելը, հնարավոր է, ավելի շատ վնասի «Բավարիային», բայց միևնույն ժամանակ Նոյերը, Լամը, Շվայնշտայգերը, Ռիբերին և Ռոբենը չափազանց ծարավ են մեծ հաղթանակների, որպեսզի կորցնեն կենտրոնացումը:

«Մի շաբաթ է, ինչ քնում եմ՝ մտածելով «Յուվենտուսի» և արթնանում՝ շարունակելով մտածել նրանց մասին». սրանք «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի խոսքերն են, որոնք ամբողջովին արտացոլում են գերմանացիների համար այս խաղի կարևորությունը: Նրանցից մի մասն էլ այս դիմակայությունը դիտարկում է որպես Եվրո-2012-ի Իտալիա – Գերմանիա կիսաեզրափակչի ռևանշ:

 «Յուվենտուսում» կարողացան հաղթահարել ձմեռային ծանրաբեռնված խաղացանկից բխած խաղային խնդիրները և մրցաշրջանի վճռական փուլին մոտենում են բավականին թարմ վիճակում: «Բավարիայի»՝ նախորդ «իտալական դերբիին» Կոնտեն չերկմտեց և հիմնական խաղադաշտ դուրս բերեց հիմնական կազմ: Յուվեն «Ինտերի» դեմ փայլուն հանդիպում անցկացրեց, և ինչը շատ կարևոր է, Յուվեի համար գոլերի հեղինակներ դարձան մեկնարկային կազմում հայտնված հարձակվողներ` Կուալյրելիան և Մատրին: Բայց ամենակարևորը թուրինցիների համար, իհարկե, կիսապաշտպանների եռյակի՝ լավ մարզավիճակում գտնվելն է: «MVP»-ից` Մարկիզիո, Վիդալ, Պիրլո եռյակից շատ բան կախված կլինի հանդիպման արդյունքը վճռելու համար:

Հավանական մեկնարկային կազմերը

«Բավարիա»

Բադշտուբերի վնասվածքի և Մարտինեսի որակազրկման պայմաններում, հարցական է մնում միայն այս երկու խաղացողների փոխարինողների հարցերը: Բոատենգը շատ լավ է զգում իրեն նաև կենտրոնում և դժվար թե Հայնկեսը կենտրոնում խաղադաշտ դուրս բերի 35 ամյա Դանիել Վան Բույտնենին, թեև նա լավագույնն էր «Արսենալի» հետ պատասխան խաղում: Մարտինեսի հավանական փոխարինողները Լուիս Գուստավոն և Անատոլի Տիմոշչուկ են և Հայնկեսը ամենայն հավանականությամբ կնխանտրի երիտասարդ բրազիլացուն:

Նոյեր, Լամ, Բոատենգ, Դանթե, Ալաբա, Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր, Կրոս, Ռիբերի, Ռոբեն, Մանջուկիչ:

«Յուվենտուս»

Շատ են խոսում այն մասին որ Կոնտեն այսօր չի խաղա իր նախընտրած «3-5-2» խաղային սխեմայով և կանցնի «4-4-2»-ի: Եզրերում Կոնտեն պետք է փորձի վնասազերծել Ռոբենին և Ռիբերիին, ինչը անելու համար հիմնական եզրայիններ Լիխշտայներն ու Ասամոան լավագույն տարբերակները չեն: Կասերես, Պելուզո, Ջիակերինի և Պադոին ահա մարզչի այլնտրանքները: Հարցականի տակ է նաև Ջովինկոյի խաղադաշտ դուրս գալը, բայց թվում է որ Սեբաստիանը ամեն դեպքում կհայտնվի մեկնարկային կազմում:

Բուֆոն, Բարձալյի, Բոնուչի, Կյելինի, Լիխշտայներ, Պելուզո, Պիրլո, Վիդալ, Մարկիզիո, Ջովինկո, Վուչինինչ:

Ի՞նչ կարելի է սպասել

Սա այն զույգն է, որտեղ շատ դժվար է ակնկալել զույգի ընդգծված ֆավորիտի ի հայտ գալուն, նույնիսկ առաջին խաղից հետո: Շատ բան պարզ կդառնա Կոնտեի նախընտրած խաղային սխեմայից, բայց ամեն դեպքում, Յուվեի համար Մյունխենում ոչ-ոքին կարելի կլինի փայլուն արդյունք համարել պատասխան խաղից առաջ: 

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզ. Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Կուբանի» վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» ուժեղացնում է իր ներկայությունը սիրիական ընդդիմության շարքերում’