‘Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակչից առաջ’

1137

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը:Նախևառաջ կարելի է նկատել, որ այս տարվա քարորդ եզրափակիչը մեկնարկում է բավականին ուշ:Համեմատության համար ասենք, որ 2013 թվականի ապրիլի 24-ին կայացավ այդ մրցաշրջանի ՉԼ-ի կիսաեզրափակիչ վերջին խաղը, իսկ այս տարի ապրիլի 24-ին կկայանա կիսաեզրափակչի վիճակահանությունը: Եվ այսպես՝

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ»

14.04.  ժամը՝ 22:45 

Անցած տարվա մայիսի 24-ի տեղի ունեցած խաղից հետո թիմերը 6 անգամ են հանդիպել և «Ռեալը» ոչ մի անգամ չի հաղթել. 4 պարտություն և 2 ոչ ոքի: «Ատլետիկոն» ամենաբարդ մրցակիցն էր, որ կարող էր բաժին հասնել Կառլո Անչելոտիի սաներին: Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են փետրվարի 7-ին: «Ատլետիկոն» «Ռեալին» հերթական անգամ պարտության մատնեց, այն էլ՝ 4-0 հաշվով: Արդարացի լինելու համար նշենք նաև, որ այս մրցաշրջանում ընդամենը 4 խաղ է եղել բոլոր մրցաշարերում, որում «Ռեալը» գոլ չի խփել: Մեկը «Նուեւո Սան Մամեսում» «Բիլբաոյի» հետ առաջնությունում կայացած խաղին, իսկ մնացած երեքը այնտեղ, որտեղ կխաղան թիմերը վաղը` «Վիսենտե Կալդերոնում»: «Ռեալը» այս խաղին մոտենում է բացառիկ կարգավիճակով:Թիմում վնասվածքի պատճառով ոչ մի ֆուտբոլիստ խաղը բաց չի թողնի: Նման բան, թերեւս, առաջին անգամ է լինում Ռեալի» հետ այս մրցաշրջանում «:Արքայական ակումբը հաղթել է առաջնության վերջին 3 խաղերը`խփելով 15 գնդակ: Միգուցե «Գրանադան», «Ռայոն» և «Էյբարը» այն թիմերը չեն, որոնց դեմ ցուցադրած խաղով կարողանանք գնահատեւ «Ռեալին», բայց  «սերուցքայինները» հիմա ավելի լավ մարզավիճակում է, քան Չեմպիոնների լիգայի նախորդ խաղի  ժամանակ:

Իսկ ահա «Ատլետիկոն» նախորդ տուրում հազիվ խուսափեց պարտությունից`«Մալագայի» հետ խաղը 2-2 ավարտելով: Ի դեպ նշենք, որ փայլուն մարզավիճակում է  Գրիզմանը, ով 2 գնդակ խփեց «Մալագայի» դարպասը իսկ մինչ այդ էլ գոլ էր խփել իր նախկին թիմի դարպասը:

Փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվում այսօր: Երբ Սիմեոնեն որոշում է «Ռեալի» հետ պարզապես ֆուտբոլ խաղալ, նա պարտվում է: Այդպես էր անցած տարի գավաթային երկու հանդիպումներում, երբ բլանկոսները հաղթեցին ընդհանուր 5-0 հաշվով: Մնացած դեպքերում Սիմեոնեն ոչ թե ֆուտբոլ է խաղում այլ իր՝սեփական ֆուտբոլն է խաղում, որը «Ատլետիկոյի» հաղթաթուղթն է:

Այնպես. որ սպասվում է ֆանտաստիկ հանդիպում`լի ինտրիգներով և իհարկե էմոցիաներով: 

«Յուվենտուս» – «Մոնակո»

 14.04. ժամը՝ 22:45.

 

Եթե կա ինչ-որ մեկը, որ վիճակահանությունից հետո ասել է, որ «Յուվեի» բախտը բերեց, հաստատ սխալվել է: «Յուվեին» բաժին է հասել մի թիմ, որը այս Չեմպիոնների լիգայում բաց է թողել ընդամենը 5 գնդակ:Սակայն «Մոնակոն» իսկապես հարմար թիմ է, բայց դա չի նշանակում, որ իտալական ակումբը հեշտությամբ է հայտնվելու կիսաեզրափակչում: «Մոնակոն» արդեն իր գլխից բարձր է ցատկել: Թիմը նույնիսկ խմբային փուլից կարող էր դուրս մնալ, իսկ հիմա հանկարծ հայտնվել է քարորդ եզրափակչում: «Յուվեն» էլ առանց կասկածների այս տարի ևս կվերցնի «Սկուդետոն», և հենց այդ պատճառով էլ «Յուվենտուսը» ամբողջովին կենտրոնացել է «Մոնակոյի» վրա: Ա սերիայի նախորդ տուրում «Յուվեն» 1-0 հաշվով պարվեց «Պարմային»`մի թիմի, որը այնպիսի ֆինանսական խնդիրների մեջ է, որ նույնիսկ հեռու քաղաքներ գնում է ավտոբուսով:Թիմը եզրափակում է աղյուսակը, բայց հաղթում է թուրինցիներին: Զարմանալու ոչինչ չկա: «Յուվենթուսը» 100 տոկոսով է նվիրվելու լիգայի քարորդ եզրափակչի երկու խաղերին եւ ես ընդհանրապես զարմանալի չի լինի, եթե «Յուվեն» «Մոնակոյին» հաղթի նույնքան վստահ, որքան հաղթեց «Դորտմունդին»: «Մոնակոն», ինչպես արդեն նշեցի, իր գլխից բարձր է ցատկել, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն խաղալու: Մոնեգասցիները իրենց  հերթին առաջնությունում 3-0 հաշվով հաղթեցին «Կանին» և օգտվելով «Մարսելի» սայթաքումից, որը պարտվեց «Բորդոյին», հայտնվեցին 3-րդ տեղում: «Մոնակոյի» կազմում, կարծում եմ, շատ կարևոր կերպար կարող է լինել Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ով իր խաղով, անկեղծ ասած, ինձ տպավորել է:

«Պորտու» – «Բավարիա Մյունխեն»

15.04, ժամը՝ 22:45

Եթե Ալաբան ու Ռոբենը վնասվածք չունենային, ապա «Պորտուի» շանսերը շատ չէին լինի: Հիմա էլ շատ չեն, բայց դրանք առկա են: Եկեք համաձայնենք, որ «Պորտուն» այս տարվա լիգայի հայտնությունն է: Միգուցե թիմին թույլ խումբ էր բաժին հասել, միգուցե նրանք «Մոնակոյի» նման ոչ թե «Արսենալին» հանեցին, այլ համեստ «Բազելին», բայց ամեն դեպքում թիմը փայլուն է խաղում: Սեփական դաշտում «Պորտուն» հաղթեց «Բազելին» 4-0 հաշվով: Նրանք հիանալի կատարողներ ունեն` Կազեմիրո, Դանիլո, Ջեքսոն Մարտինես, Քրիստիան Տելյո և իհարկե Բրահիմի:
«Բավարիան» լուրջ խնդիրներ ունի բոլոր գոտիներում: Չկա Ալաբան, նոր են վերականգնվել Խավի Մարտինեսը և Տիագո Ալկանտարան ու դեռևս  պարզ չէ, թե արդյոք նրանք կարող են ամբողջությամբ մասնակցել խաղին: Չկա նաև Ռոբենը: Շատ մասնագետների կարծիքով ներկայիս «Բավարիան» շատ է կախված հոլանդացուց: Բայց կա Լեւանդովսկին, ով վերջին 2 խաղերում 3 գոլ է խփել ու կարծես թե թափ է հավաքում: Ներքին առաջնություններում «Բավարիայի» վիճակը նման է «Յուվենթուսին», իսկ «Պորտույինը»` «Ռեալի»: «Բավարիան» գնում է հերթական չեմպիոնության հետևից, իսկ ահա պորտուգալացիները 2-րդն են և 3 միավոր են զիջում առաջատար «Բենֆիկային»: Սեփական դաշտում «Պորտուն» միգուցե և առավելություն ունի, սակայն Մյունխենում անչափ դժվար է լինելու: Եվ ընդհանրապես, «Բավարիային» հաղթելու համար պետք է «մեռնել» խաղադաշտում: Իր հետաքրքրությամբ կարծում եմ սա 3-րդ խաղն է: «Պորտուն» կարող է ստիպել շատ մարդկանց երբեմն-երբեմն փոխել հեռուստացույցի ալիքը և հետևել այս հանդիպմանը՝ «ՊՍԺ» – «Բարսելոնա» խաղի փոխարեն:

ՊՍԺ – «Բարսելոնա».

 15.04, ժամը՝ 22:45

2 տարի առաջ այս թիմերը շատ հավասար պայքար էին մղում, և  հիմա շատ բան չի փոխվել:
 ՊՍԺ-ն կրկին քարորդ եզրափակչում է: Թիմը 2 տարի շարունակ շատ մոտ է լինում կիսաեզրափակիչ դուրս գալուն, բայց միշտ ինչ-որ մի բան խանգարում է: Մեկ խանգարում է «Բարսելոնայի» հակառակորդի դաշտում խփած գոլը, մեկ Դեմբա Բան է խլում այդ հաղթանակը:
Նշենք նաև, որ «Բարսելոնան» անցած մրցաշրջանում ևս ՊՍԺ-ի հետ միասին լքեց լիգան հենց քարորդ եզրափակչում ու հաստատ այս տարի դա անել չի պատրաստվում: Լուիս Էնրիկեի թիմի համար շատ բարդ ժամանակաշրջան է: Օրեր առաջ թիմը ծանրագույն հանդիպում անցկացրեց «Սևիլիայի» դեմ և միավորներ կորցրեց: Չորեքշաբթի «Բարսան» խաղում է ՊՍԺ-ի դեմ, հետո առաջնությունում` «Վալենսիայի», իսկ հետո կրկի ՊՍԺ-ի դեմ: Մի խոսքով, եթե Էնրիկեն պատվով դուրս գա այս ամենից, ապա նա իսկապես այն մարդն է, ով պետք է «Բարսային»: Ֆրանսիական ակումբը առաջին խաղը խաղալու է առանց Իբրահիմովիչի: Շվեդ ֆուտբոլիստի կարմիր քարտը մնացել է ուժի մեջ, սակայն փարիզցիները արդեն ապացուցել են, թե ինչպես կարող են խաղալ առանց այս հանրաճանաչ ֆուտբոլիստիի: «Բարսելոնան» կադրային լուրջ խնդիրներ չունի, սակայն կազմում փոփոխություններ, կարծում եմ, կլինեն:

Ի տարբերություն կապտանռնագույնների, ՊՍԺ-ն փայլուն տրամադրությամբ է մոտենում առաջին խաղին: Թիմը առաջին տիտղոսը նվաճեց`Ֆրանսիայի լիգայի գավաթը`հաղթելով «Բաստիային» 4-0 հաշվով: Ինչպես «Ատլետիկոն», այնպես էլ ՊՍԺ-ի հիմնական ուժը ներդնելու են տնային խաղի վրա:Հիշեցնենք, որ այս թիմերը նույն խմբում էին:Փարիզում հաղթեց ՊՍԺ-ն 3-2 հաշվով: Նշենք, որ այդ խաղում «Բարսելոնան» բաց թողեց մրցաշրջանում իր առաջին գոլերը: Իսկ Բարսելոնայում հաղթեցին դաշտի տերերը 3-1 հաշվով, սակայն մեծ հաշվով խաղերը չտարբերվեցին:Միգուցե ամեն ինչ որոշի հակառակորդի դաշտում խփած մեկ գնդակը, ինչը շատ հաճախ է լինում նման դիմակայություններում:

Նախորդ հոդվածը‘Ռամոս. «Հենց Չեմպիոնների լիգայում ես տեսնում ֆուտբոլիստների իրական որակները»’
Հաջորդ հոդվածը‘Գարի Նևիլ. Յայա Տուրեն մոլախոտ է, որից պետք է ազատվել’