‘Չեչեն գրողը Քեմերոնից մեկ միլիարդ դոլար է պահանջել «Ավատարի» համար’

1442

Չեչեն գրող Ռուսլան Զակրիևն «Ավատարի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին մեղադրել է գրագողության մեջ, հաղորդել է «Русская служба новостей»-ը: Գրողը մտադիր է դատի տալ կինոռեժիսորին և ստանալ բլոքբասթերի դրամարկղային շահույթի մեկ երրորդը: Ի դեպ, «Ավատարն» այսօրվա վիճակով համարվում է կոմերցիոն տեսակետից պատմության ընթացքում ամենահաջողակ ֆիլմը՝ նրա շահույթը կազմել է 2,7 մլրդ դոլար:

«Երեք միլիարդից մեկ միլիարդը Քեմերոնը պետք է մեզ տա: Ես ուզում եմ կինոստուդիա հիմնել և ֆիլմեր նկարել: Ես շատ ստեղծագործություններ ունեմ, իսկ կինոստուդիա չկա»,- պարզաբանել է գրողը:

Նա պնդում է, որ Քեմերոնը «Ավատարի» կինոսցենարի հիմքում օգտագործել է իր «Գաղտնի զենք» վեպի սյուժեն: Գիրքը հրապարակվել է «Проза.ру» կայքում 2002 թ., իսկ ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2009 թ.:

Գրողը մի քանի նամակ է ուղարկել Քեմերոնին, որոնց, Զակրիևի փաստաբանի խոսքով՝ «Քեմերոնը պատասխանել է, թե ԱՄՆ-ում մոտավորապես տասը և ավելի տարբեր հեղինակներ հայտարարել են, որ «Ավատարի» մի ինչ-որ մասը գողացված է, և Զակրիևը ստիպված է հերթ կանգնել»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի սերժանտը խոստովանել է, որ ռազմաբազայում պոռնկանոց է կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘Կազանում հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի’