‘ՉԺՀ-ում թմրանյութեր պահելու համար Ջեկի Չանի որդու կալանքի թույլտվություն է տրվել’

973

Չինացի քննիչները 32-ամյա Ջեյսի Չանի՝ հանրահայտ դերասան Ջեկի Չանի որդու կալանքի թույլտվություն են տվել, ով ձերբակալվել է օգոստոսին՝ թմրանյութեր պահելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը:

Ջեյսի Չանը, որ հայտնի է նաև Ֆան Ցզումին անվամբ, Պեկինում ձերբակալվել է ընկերոջ՝ թայվանցի հանրահայտ դերասան, 23-ամյա Կե Չժենդունի հետ միասին: Թմրանյութերի փորձաքննությունը երկուսի դեպքում էլ դրական արդյունք է ցույց տվել: Ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն է կատարել Ջեյսիի բնակարանում և այնտեղ 100 գ մարիխուանա է հայտնաբերել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում:

Հունիսին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց, որ իր երկիրը խիստ միջոցներ կկիրառի թմրանյութերի հետ որևէ կերպ առնչվող մարդկանց նկատմամբ:

2009 թ. Ջեկի Չանը նշանակվել էր թմրամիջոցների դեմ պայքարի Չինական ազգային հանձնաժողովի նախագահ: Որդու ձերբակալման կապակցությամբ դերասանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ հավաստիացնելով, որ ստանձնում է Ջեյսիի գործողությունների պատասխանատվությունը:

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները դաժանորեն պատժվում են Չինաստանում: Մի շարք դեպքերում դրա համար նախատեսված է մահապատիժ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկ. Ուկրաինայում լյուստրացիայի օրենքի տակ է ընկնում առնվազն 1 մլն մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հիսուն տարուց ի վեր՝ առաջին անգամ ջինսերի վաճառքն անկում է գրանցել’