‘Չինաստանում արգելել են առաջ քաշել «մերկ պաշտոնյաներին»’

1527

Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել է , որ խստացնում է պայքարը, այսպես կոչված՝ «մերկ պաշտոնյաների» դեմ ՝ պոտենցիալ կոռումպացված պետական ծառայողների և կուսակցական ֆունկցիոներների, որոնց կանայք և երեխաներն ապրում են արտասահմանում, գրում է The Guardian-ը: Ըստ ՉԿԿ-ի նոր դիրեկտիվների՝ արգելվում է բարձրացնել այդ չինովնիկների պաշտոնը, քանի որ նրանց շրջանում չարաշահումների հավանականությունն ավելի մեծ է: Պաշտոնական տվյալներով՝ կոռումպացված իրավախախտումների 80 %-ը կատարվում է նրանց կողմից, ում երեխաները, կինը կամ ամուսինն ապրում են արտասահմանում, որոնց սովորաբար օգտագործում են՝ Չինաստանում ապօրին ձեռք բերված միջոցներն օրինականացնելու նպատակով:

Այսուհետ ծառայողական առաջխաղացումը կլինի միայն նրանց մենաշնորհը, ովքեր «բարոյապես կայուն» են, և ում ընտանիքներն ապրում են նրանց հետ միասին Չինաստանում:

«Մերկ պաշտոնյա» տերմինը Չինաստանում շրջանառության մեջ է մտել մի պետական պաշտոնյայի հետ տեղի ունեցած սկանդալից հետո. օգտվելով կնոջ բացակայությունից՝ սույն պաշտոնյան մերկ խրախճանքներ է արել իր երիտասարդ սիրուհու հետ, ինչն արձանագրել են տեսախցիկները: Հետաքննությունը զբաղվել է նրանով և պարզել, որ նա նաև ակտիվորեն կաշառքներ է վերցրել, ու «մերկ պաշտոնյան» հայտնվել է բանտում:

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը իր կառավարության գլխավոր խնդիրներից մեկն է համարում պայքարը կոռուպցիայի դեմ: Այդ պայքարի շրջանակներում պաշտոնյաներին և կուսակցական ղեկավարներին արդեն արգելել են նվերներ ընդունել և ճոխ բանկետներ անցկացնել: Անցյալ տարվա ընթացքում Չինաստանում պատժի են ենթարկվել կոռուպցիայի մեջ բացահայտված 182 հազար կուսակցական ֆունկցիոներներ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2013 թ. գների կտրուկ փոփոխություններ չեն դիտվել’