Չինաստանում մահապատժի է դատապարտվել ավստրալացի գրող Յան Հենձյունը

174

Լրտեսության մեղադրանքով 2019 թվականից Չինաստանում կալանավորված ավստրալացի գրող և գործարար Յան Հենձյունը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մահապատժի, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The New York Times պարբերականի հրապարակումը։

Դատավճիռը պետք է իրականացվի երկու տարի անց։ Ըստ Ավստրալիայի արտգործնախարարության հայտարարության՝ եթե գրողն այս ընթացքում հանցանքներ չգործի, ապա նրա մահվան դատավճիռը կարող է փոխվել ցմահ ազատազրկմամբ։

«Ավստրալիայի կառավարությունն իր պատասխանը կտա խստագույն ձևով», — հավելել է գերատեսչությունը։

Յան Հենձյունի կալանավորումը Ավստրալիայի և Չինաստանի միջև հարաբերությունների սրման պատճառներից մեկն է դարձել, իսկ այս դատավճիռն, ըստ The New York Times-ի, կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը 2023 թ․ այցելել էր Պեկին և պնդել, որ Յան Հենձյունն ազատ արձակվի։

58-ամյա Յան Հենձյունը ծնվել է Չինաստանում և Ավստրալիայի քաղաքացի դարձել 2000 թվականին՝ այնտեղ պաշտպանելով ատենախոսություն Չինաստանում համացանցի և ժողովրդավարացման թեմայով։ Ժամանակին նա քննադատում էր Չինաստանում մարդու իրավունքների խախտումները, բայց իր կալանավորումից մի քանի տարի առաջ, ըստ հրապարակման, ավելի զգուշավոր էր իր հանրային մեկնաբանություններում։

Նախորդ հոդվածըՊայթյուն Երևանի Նոր Արեշ թաղամասում
Հաջորդ հոդվածըՉիլիում հրդեհի զոհ է դարձել առնվազն 112 մարդ