‘Չի կարելի մեղանչել իրողությունների ու փաստերի դեմ ‘

1898

Խոսքի ուժը փաստարկվածության ու ճշգրտության մեջ է։ Վերջերս որոշ վերլուծություններում արվում են պնդումներ, որոնք հեռու են իրականությունից, հակասության մեջ են ակնհայտ փաստերի հետ կամ շրջանցում են այդ փաստերը։ Խեղաթյուրելով իրականությունը՝ նրանք դառնում են խոցելի ու վնասակար՝ հենց իրենց հռչակած նպատակի համար։ Ստորեւ դրանցից մի քանիսի հերքումը։ 

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ 

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսը սխալվել են իշխանության հետ երկխոսության գնալու քաղաքականության հարցում, ինչը հետագայում գիտակցել եւ ուղղել են։

«Երբ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսն ընտրեց իշխանության հետ երկխոսության գնալու մարտավարությունը, ակնհայտ էր, որ դա սխալ մարտավարություն էր։ Սխալ էր, քանի որ հնարավոր չէ մի կողմից հայտարարել, թե պայքարում ես ժողովրդավարական արժեքների համար, բայց մյուս կողմից՝ երկխոսել բոլշևիկյան մտածողությամբ առաջնորդվող սերժսարգսյանական վարչախմբի հետ»։ «Ի պատիվ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ նա զգաց իր սխալը, խաչ քաշեց «երկխոսության» վրա, արժանապատիվ կեցվածք ընդունեց ու փոխեց մարտավարությունը» («7 օր» կայք,  20.10.2012»)։

Իրականությունը ճիշտ հակառակն է։

Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության հետ երկխոսության թեմայով առաջին անգամ խոսել է 2008թ. մարտի 6-ին, Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում՝ արձագանքելով Եվրոպայի Միության նախագահության հայտարարությանը։ Ահա այն. «Ելքը ես համարում եմ ԵՄ նախագահության երեկվա հայտարարության առաջարկները, որը ես ձեզ կներկայացնեմ եւ կխնդրեմ կցել գործին։ Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկները՝ դրանք համարելով ՍԴ-ի այս գործընթացում մեր գործելակերպի ծրագիրը, պլատֆորմը։ Դրանք են հետեւյալ կետերը.

– դադարեցնել արտակարգ դրության վիճակը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ սկսել երկխոսություն իշխանությունների հետ»։

Այսինքն՝ իշխանության հետ երկխոսության գնալու համար Լեւոն Տեր-Պետրոսյանը դրել է նախապայմաններ, որոնցից ամենակարեւորը եղել է քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Այս պայմանը հետագայում նա կրկնել է բազմիցս, այն մնացել է ուժի մեջ մինչեւ 2011 թ. մայիսի 30-ը, երբ կալանավայրից դուրս եկան վերջին քաղբանտարկյալները (իսկ մինչ այդ՝ բացվեց Ազատության հրապարակը եւ խոստովանվեց Մարտի 1-ի էջի փակված չլինելը)։ Եւ այսպես.

  1. Ոչ թե 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, այլ 2011 թ. մայիսի 30-ին վերջին քաղբանտարկյալի ազատ արձակումից հետո է, որ Հայ ազգային կոնգրեսը գնաց երկխոսության։
  2. Կոնգրեսը երկխոսության գնաց ոչ թե իշխանության հրավերով, այլ հանրահավաքների ուժով կոտրելով նրա չկամությունն ու դիմադրությունը (տե՛ս 2011 թ. մայիսի 31-ի եւ հունիսի 30-ի հանրահավաքների ելույթները)։
  3. Երկխոսության գնաց ոչ թե իշխանությունը կիսելու, այլ՝ «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության մասին» միակ օրակարգով։ Սա նույն, այսօրվա հիմնական ու միակ ներքաղաքական օրակարգն է, այլ խոսքով՝ նույն «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը», որին արդեն լծվել են նաեւ այլ ուժեր։
  4. Երկխոսությունը, որում քննարկվեց Կոնգրեսի մտցրած վերոհիշյալ օրակարգը, ոչ թե Սերժ Սարգսյանի հետ էր, այլ իշխանական կոալիցիայի, որին լիարժեք մասնակցություն ուներ նաեւ ԲՀԿ-ն՝ որպես կոալիցիայի անդամ։
  5. Կոնգրեսը, պահպանելով իր սկզբունքայնությունը, երկխոսությունը դադարեցրեց այն բանից հետո, երբ 2011 թ. օգոստոսի 9-ին ճաղերի ետեւում նոր քաղբանտարկյալ հայտնվեց։
  6. Գուցե քննադատները նկատի ունեն, որ երկխոսության թեման Լեւոն Տեր-Պետրոսյանն ի սկզբանե պետք է մերժեր անվերապահորե՞ն, Սահմանադրական դատարանի իր ելույթից սկսա՞ծ։ Ակնհայտ է, չէ՞, որ դրանից հետո Շարժումը  կզրկվեր միջազգային որեւէ ուշադրությունից, իշխանության վրա չէր լինի որեւէ ճնշում, նա 150 ձերբակալվածների թիվը կարող էր կրկնապատկել, առ այսօր տասնյակ մարդիկ դեռ կգտնվեին բանտերում, եւ Սերժ Սարգսյանը վերածված կլիներ իրական մի «թուրքմենբաշու», որի դեմ ոչ մեկը չէր համարձակվի ծպտուն հանել։

Այսինքն՝ ոչ մի հիմք չկա խոսելու ո՛չ «Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալի», ո՛չ նրա կողմից «երկխոսության վրա խաչ քաշելու», ո՛չ «մարտավարություն փոխելու» մասին։ Եւ պետք է բարեխղճություն ունենալ համարձակորեն արձանագրել ակնհայտ փաստը, այն է՝ նրա քաղաքական դիրքորոշումները՝ անթեք, կեցվածքն՝ արժանապատիվ, եւ գտած լուծումները՝ լավագույնն են եղել սկզբից եւ առ այսօր։ Ու դրա լավագույն օրինակներից մեկը ցուցադրում է հենց երկխոսության հարցը։

Անվիճելի փաստերի ընդունումը միայն բարձրացնում է քաղաքական վերլուծությունների որակը, դրանց հավաստիության ու համոզկերության աստիճանը։ 

ԲՈՒՐԺՈՒԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Իբր՝ չգիտակցելով, որ Հայաստանն, ըստ էության, կանգնած է բուրժուա-դեմոկրատական հեղափոխության խնդրի լուծման անհրաժեշտության առջեւ, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հետ երկխոսության իր քաղաքականությամբ նպաստել է, որ Ս. Սարգսյանը «կոտրի» Հայաստանի ազգային բուրժուազիային ու նրա հիմնական քաղաքական ուժին։ Հիմա առաջին անգամ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ձեւակերպվում է որպես Հայաստանի հիմնական ներքաղաքական օրակարգ, որում ակտիվ դերակատարություն կունենա գործարարների խավը։

«Չէր կարելի «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման տեսլականով ապրող…մարդուն օգնել ու հնարավորություն տալ, որ նա կոտրի ազգային բուրժուազիայի … «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև չէր կարելի օգնել, որպեսզի ԲՀԿ–ն Սերժի հետ հուշագիր ստորագրի…» («7 օր» կայք,  20.10.2012)։

«Ծառուկյանը Իվանիշվիլու նման իր շահերը պաշտպանելու համար կտրուկ վերափոխեց իր կուսակցությունը` այնտեղ խաղի մեջ մտցնելով «ինտելեկտուալ թարմ շրջանակների», որոնք «նոր գիծ» մշակեցին, որի առանցքն էր կազմում երկրում բուրժուադեմոկրատական բարեփոխումների անհրաժեշտության խնդիրը» («Ժամ» կայք, 16.10.2012):

«Դատելով սերժամետ լրատվամիջոցների և «անկախ» վերլուծաբանների հիստերիկ պահվածքից՝ Բաղրամյան 26–ում հոգեխանգարմունքի են ենթարկվել«բուրժուադեմոկրատական հեղափոխություն» ձևակերպումից»  («7 օր» Հոկտեմբեր 25, 2012)։ 

Իսկ փաստական իրականությունը հետեւյալն է.

1. Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբից եւեթ, անշուշտ, ոչ միայն գիտակցել է, որ ավազակապետական իշխանության կազմաքանդման, սահմանադրական կարգի վերականգնման ու ժողովրդավարության հաստատման խնդիրը, գիտական տերմինով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիր է, այլեւ բառացի հենց այդպես էլ կոչել է այն. «Մեր այսօրվա շարժումը հանդիսանում է բուրժուա-ժողովրդավարական հեղափոխություն (ընդգծումն իմն է – Ա.Ս.), որը կոչված է ազատելու հանրությունն ու երկրի տնտեսությունը գործող ֆեոդալիզմի ճանկերից»։ (Լ. Տեր-Պետրոսյան, ելույթ 27.02.2008 հանրահավաքում)։

2. Ավելին՝ նա դեռ 2007-ի աշնանը, երբ արդեն ակնհայտ էր, որ այդ «հեղափոխության» մի բաղադրիչը՝ ժողովուրդը, ոտքի կանգնած է, բաց դիմել է մյուս բաղադրիչին՝ «ազգային բուրժուազիային»՝ ընդարձակ խոսքով.

«Մեր սիրելի ու հարգարժան ձեռներեցնե՛ր եւ գործարարնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ։ Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը եւ ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաեւ՝ ձեր իսկ երեխաներին։ Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Մե՛նք չէ, որ ձեզ պետք է հորդորեինք միանալ համազգային նոր շարժմանը։ Դո՛ւք պիտի առաջնորդեիք այն եւ ժողովրդին տանեիք ձեր ետեւից (ընդգծումն իմն է – Ա.Ս.)։ Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը… Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ վճռականորեն միացեք մեր շարքերին… Դուք, որ պիտի լինեիք տնտեսության զարգացման առաջամարտիկները, ստանձնելով թաթար-մոնղոլական խանության ստորաքարշ վասալների դերը, դարձել եք զարգացման գլխավոր խոչընդոտը։ Մինչդեռ գործելով օրենքի դաշտում՝ դուք կարող եք վերագտնել ձեր արժանապատվությունը, հարգվել հասարակության կողմից եւ նույնիսկ ընդլայնել ձեր բիզնեսն ու բազմապատկել ձեր եկամուտները։ Եթե շարունակեք պատվազրկությամբ ծառայել ներկա իշխանություններին, ապա նրանք ցանկացած պահի ձեզ կոչնչացնեն առանձին-առանձին։ Իսկ եթե միահամուռ կերպով ընդդիմանաք նրանց, ապա մեկ օր անգամ չեն դիմանա… Հասկանալի է, թե դրան ինչն է խանգարում։ Հասկանալի է, թե ինչու եք այդքան վախեցած, կուչ եկած։ Հասկանալի է, թե ինչու եք շրջապատված սափրագլուխների գումարտակներով։ Այս ամենը հասկանալի է, քանի որ քոչարյանա-սերժական ռեժիմը ձեր դեմ կոմպրոմատներ ունի։ Դուք ստիպված եք եղել ձեր գործունեության մեջ բազմիցս խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել ձեր իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա ձեր մեղքը չէ։ Դուք հարկադրաբար ենթարկվել եք այն խաղի կանոններին, որոնք սահմանել է ներկա վարչախումբը։ Դուք իրականում կատարել եք ձեր հարկային պարտավորությունները, բայց ձեր մուծումները հայտնվել են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Վստահաբար, նույնիսկ ավելին եք մուծել, քան պարտավոր էիք։ Սա է իրականությունը, եւ դուք այլ կերպ չէիք կարող վարվել, քանի որ հակառակ պարագայում կհայտնվեիք բանտերում կամ ստիպված կլինեիք թողնել բիզնեսը» (08.12.2007 հանրահավաք)։

Ուրեմն եւ՝ կոալիցիոն հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի «օգնությամբ», այլ ընդհակառակը՝ այն բանի հետեւանքով, որ 2007-ին չանսացին նրա զգուշացմանը՝ վերոբերյալ հորդորին։

Լրացուցիչ փաստեր ու մեկնաբանություններ պե՞տք են։ Այդպիսիք շատ կան։

Ավելացնենք միայն, որ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը» գիտական տերմին է եւ, որպես այդպիսին, ընդունված չէ հաճախ օգտագործել ժողովրդավարության նպատակ հետապնդող պայքարների ընթացքի քաղաքական բառապաշարում։ Դրա փոխարեն օգտագործվում է «ժողովրդավարական շարժում», «համաժողովրդական շարժում» եւ այլն։

3. «Հիմա՝ «մեկ օլիգարխի տնտեսության» մասին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներով անցնող հիմնական գծերից մեկը կոռուպցիայի խնդիրն է։ Առաջին նախագահը այն հստակ ու հետեւողականորեն համարել է զուտ իշխանական, իշխանավորներին հատուկ երեւույթ՝ հստակ դրանից սահմանազատելով գործարարների խավը. «Բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակն իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության՝ լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ» (ելույթ 15.10.2010 թ. հանրահավաքում)։ «Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն է, կցորդը եւ սպասարկուն» (ելույթ 25.11.2011 թ. հանրահավաքում)։ Պարզ է, չէ՞, որ եթե կոռուպցիան զուտ իշխանական երեւույթ է, ապա եւ ամենաբարձր իշխանավորը պետք է ձգտի ու ժամանակի ընթացքում դառնա միակ օլիգարխը՝ այդ նպատակի համար օգտագործելով, ապա խժռելով նաեւ մյուս «օլիգարխներին»։ Այսինքն՝ ի հեճուկս ոչ միայն ողջ ժողովրդի, այլեւ խոշոր գործարարների՝ «մեկ օլիգարխի տնտեսության» վտանգն արձանագրվել է ի սկզբանե ու հիշեցվել է միշտ։

4.  Մի մեջբերում էլ «Ժամ» կայքից (16.10.2012). «Սկսած 2011-ից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի բուրժուական դասակարգը ապամոնաժել և դրա տեղը հաստատել իր ընտանիքի` փեսայի և իր  եղբայրների միանձնյա ընտանեկան ֆեոդալական կարգը: Եվ դա նա փորձում էր իրականացնել «օլիգարխների դեմ պայքարի» շրջանակներում, որտեղ գլխավոր թիրախն ընտրված էր հենց Ծառուկյանը: Քանզի վերջինս խոշոր բուրժուազիայի միակ ներկայացուցիչն էր, որ քաղաքականապես պաշտպանված էր ԱԺ-ում ներկայացված իր կուսակցությունով: Բաղրամյան 26-ում կարծում էին, որ եթե «լուծվի Ծառուկյանի խնդիրը», ապա մյուս մեծահարուստների կուլակաթափման հարցը կդառնա տեխնիկայի խնդիր»։

 Ամեն ինչ ճիշտ ։ Բայց դարձյալ այդ մասին ասվել ու զգուշացվել է շատ վաղուց. 2008 թ. ընտրարշավի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին երկար խոսել է Աբովյանում,  Կոտայքի մարզի այլ հանրահավաքներում։ Ալափարս գյուղում նա ուղղակի հայտարարել է, որ ժողովրդի պայքարին (այն է՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխությանը») չմիանելու դեպքում մյուսների հետ միասին նաեւ Գագիկ Ծառուկյանին այս իշխանությունները ժամանակի ընթացքում թալանելու, «բոմժ են դարձնելու»։ Իսկ եթե ոմանց համար դա «պարզ դարձավ միայն 2011թվականից»՝ ոչ մեկը դրա համար մեղավոր չէ։

5. Վատ չի հնչում «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» կարգախոսը։ Բայց ճիշտ կլինի հիշել, որ այն անմիջական «թարգմանությունն» է Կոնգրեսի 2011 թ. հոկտեմբերի շուրջօրյա հանրահավաքներում հնչող ՀՀԿ-ին քաղաքական դաշտում մենակ թողնելու կոչի։ Եւ դա որոշակիորեն հաջողվեց, ինչի մեջ իրենց կարեւոր ներդրումն ունեցան եւ ունեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, մասամբ նաեւ «Ժառանգությունը»։

Հ. Գ. — 1. 2008 թ. համաժողովրդական շարժման (գիտական տերմինով ասած՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխության») ընթացքում խոշոր գործարաների մեծագույն մասը մնաց իշխանության՝ Ս. Սարգսյանի կողքին։ Եւ այնուամենայնիվ, հնարավոր բոլոր կեղծիքներով հանդեձ, նա «հավաքեց» ընդամենը 52,5%, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5%։ Իսկ իրականում, ինչպես դա հստակ զեկուցում է ԱՄՆ դեսպանն իր կառավարությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել էր ոչ թե 21,5, այլ 30-35% ձայն, եւ «երկրորդ փուլում ջախջախիչ հաղթանակ կտաներ»։ Եւս մեկ-երկու խոշոր գործարարի, առավել եւս՝ ԲՀԿ-ի մասնակցությունը ժողովրդական շարժման կողմում, իշխանության ամեն տեսակ կեղծիքներով հանդերձ, առնվազն անհնար կդարձներ մեկ փուլով ընտրությունների ավարտը։ Այսինքն՝ վաղուց ավարտված կլիներ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»։

Հ. Գ. — 2  Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ու քաղաքագիտական վերլուծությունների անխոցելիությունը, նրա խոսքի ուժը, որը 5 տարի շարունակ կարողացավ մի ամբողջ շարժում (ու դրանով իսկ՝ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» իրականացման հնարավորություն) պահել, առաջին հերթին պայմանավորված է փաստերի լիակատար հաշվառման, իրողությունների մանրակրկիտ ստուգման ու ներկայացման, մինչ այդ ուրիշների ներդրման ու վաստակի պարտաճանաչ արձանագրման գիտական սկզբունքով։ Ոչ միայն գիտության, այլ նաեւ քաղաքականության մեջ դա է ճիշտ ու արդյունավետ ճանապարհը։

 

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ հոդվածը‘Մենամարտ Գարեթ Բեյլի մարզաշապիկի համար. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘700 տոննա ոսկեքարով բեռնված նավն անհետացել է ծովում’