‘«ՉԻ». Րաֆֆի Հովհաննիսյանի երազը’

1129

Դեկտեմբերի 21-ն է։ Աշխարհի վերջից արդեն կես ժամ անցել է։ Շոշափում է ինքն իրեն, կճմտում է որոշ փափուկ տեղերը… Չէ, կարծես թե ողջ-առողջ է։ Դուրս է զալիս գրասենյակից: Չորսբոլորը կատարյալ ամայություն է։ Շունչ-կենդանի չկա։ Ոչ մի շարժում, ոչ մի ձայն, մեռելային լռություն է։ «Այ հիմա վերջապես դարձա հավաքական թեկնածու», երջանիկ ժպիտով կիսաձայն շշնջում է ինքը, ու նույն պահին էլ սիրտը կասկած է սողոսկում, եթե նույնիսկ երկրագնդի ողջ բնակչությունը վերացել է, Շարմազանով էդոն դժվար թե վերացած լինի, որովհետեւ մարդու այդ տեսակը երբեք չի վերանում։ Գրպանից հանում է բջջայինը եւ դողացող մատներով հավաքում էդոյի համարը… «Բաժանորդը  գոյություն  չունի»,  լսվում  է ձայնագրությունը։ Թեթեւացած շունչ է քաշում ու ամայի փողոցներով վազում դեպի ԿԸՀ՝ թեկնածությունը գրանցելու։ Հենց վազելու րնթացքում էլ գլխի է ընկնում, որ քարոզարշավը շատ բարդ է լինելու, որովհետեւ եթե մարդկությունը վերացել է՝ էլ ո՞ւմ պիտի ձեռքով բարեւի… «Փոխարենը՝ կարող եմ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի ցանկացած երկրի նախագահ ընտրվել», մտածում է ինքր, բայց անմիջապես էլ գլխի է ընկնում, որ ավելի լավ է՝ Հայաստանի նախագահ ընտրվի, հետո ամբողջ աշխարհը հայտարարի Հայաստան։

… Վերջապես ինչ-որ քվեատուփ է ճարում, թղթի վրա ձեռքով քվեաթերթիկ նկարում ու հանդիսավորապես   գնում   ընտրությունների։

Ինքն իր մատը թանաքոտում է, մտնում քվեախցիկ, դուրս գալիս, ժպտում, մի պահ դադար տալիս (որպեսզի գոյություն չունեցող լրագրողները հասցնեն լուսանկարել), ապա քվեաթերթիկը գցում տուփի մեջ ու դուրս գալիս ամայի փողոց… Անհամբերությունից տեղում դոփում է, բայց ճար չունի, որպեսզի ամեն ինչ լեգիտիմ լինի՝ պիտի սպասի մինչեւ երեկոյան ժամը ութը։

Ուղիղ ժամը ութին բացում է քվեատուփը եւ սկսում հաշվարկը… Այ քեզ անհաջողություն, չի ընտրվել… Սովորության համաձայն՝ զանգում է նախագահական՝ բացատրություններ ստանալու, բայց հիշում է, որ աշխարհի վերջն արդեն տեղի է ունեցել։ Թաքուն նայում է չորսբոլորը… Չէ, շունչ-կենդանի չկա։ Օգտվելով առիթից՝ անմիջապես ինքն իրեն համայն հայության օրինակարգ նախագահ է հռչակում…

Արթնանում է եւ միայն որոշ տեղերը կճմտելուց հետո հասկանում, որ երազ էր։

Նախորդ հոդվածը‘«ՉԻ». Աստղագուշակ. Տարոն Մարգարյան’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում ‘