‘ Պահանջում եմ վերադարձնել ունեցվածքս ‘

1233

Սեպտեմբերի 25-ին լրանում է 100 օրը, ինչ  Էմմա Սահակյանը նստացույց է անում նախագահի նստավայրի առջև: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, տիկին էմման դուրս է եկել 21- օրյա հացադուլից և շարունակում է նստացույցը, հայտնում է iLur.am-ի թղթակիցը:

Էմմա Սահակյանի խոսքով՝  ինքը բողոքում է իր բարեկամուհի Սուսաննա Մարգարյանից, որն ապօրինաբար տիրացել է իր ունեցվածքին:

Բանն այն է, որ Էմմա Սահակյանը 1995 թվականից գրանցվել և ապրում էր հարազատ քրոջ՝ Օրբելի 8 հասցեում գտնվող բնակարանում: Քույրը հիվանդ էր, իսկ տիկին Էմման խնամում էր վերջինիս: Ժառանգ չունենալու պատճառով հիվանդ քույրը բնակարանը կտակել էր Էմմա Սահակյանի աղջկան:

«Երբ  Սուսաննան, ում հետ տասը տարի է՝ ոչ մի շփում չկար, իմացել էր, որ քույրս տունը կտակել է աղջկաս, սկսեց այցելել մեզ և ներխուժել մեր ընտանիք:  2009 թվականի հունիսին մահացավ իմ քույրը, դրանից հետո շարունակում էի այդտեղ ապրել: Հուլիսի 16-ին ընկերուհուս տնից վերադառնալուց հայտնաբերեցի, որ Սուսաննան փոխել էր դռան փականները: Վերջինս հաշփտակել էր նաև ողջ ունեցվածքս ու բոլոր փաստաթղթերը: Մինչ ես կկարողանայի դիմել համապատասխան մարմինների, նա վաճառեց նաև քրոջս բնակարանը»,- պատմեց կինը՝ հավելելով, որ միայն տասն ամիս անց ոստիկանները գտել են իր ունեցվածքը: Սակայն երբ կինը մեկնել է ունեցվածքն ստանալու, տեսել է, որ այն ամբողջական չէ. բացակայում են ադամանդները, ոսկեղենն ու դրամը, ինչպես նաև այլ արժեքավոր իրեր: Տիկին Էմմայի պնդմամբ՝ իր ունեցվածքի արժեքը  կազմում է 60 000 ԱՄՆ դոլար:

«Ոստիկանությունը ոչ մի գույքագրում չի կատարել, ես էլ չեմ կարողանում ապացուցել, որ իմ արժեքավոր իրերը բացակայում են, Սուսաննային հաջողվել է ապօրինաբար տիրանալ իմ ունեցվածքին, իսկ ոստիկանությունն ու համապատասխան գերատեսչությունները չեն արձագանքում իմ խնդրին», iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հացադուլավոր կինը:

Տիկին Էմմայի պնդմամբ՝ իրեն անհայտ է, թե ինչպես է իր բարեկամուհուն հաջողվել տիրանալ բնակարանին և իրավունք ստանալ վաճառելու այն: Ըստ նրա՝  ոստիկանական համակարգի ապօրինությունների պատճառով այսօր ինքը հայտնվել է դրսում՝ առանց իր ունեցվածքի և հույսի, որ մի օր իրեն կվերադարձնեն իր ունեցվածքը:

\"\"

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում և Ուգանդայում ընտրությունների վիճակը ողբերգական է: Հայաստանի մասին գիտնականները մոռացել են’
Հաջորդ հոդվածը‘Վիկտոր Դալլաքյան. «Եթե ես ասելիք ունենամ, լրագրողներին կհավաքեմ»’