‘Պահանջում են միասեռականության քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնություն ‘

1230

Գերմանիայի դեսպանատան շենքի դիմաց «Հայազն» միությունն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել: Ցուցարարները բողոքում են The Club-ում և Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում ցուցադրվելիք, միասեռականների մասին պատմող «Parada» ֆիլմի դեմ: «Parada»  սերբական արտադրության ողբերգական կատակերգություն է, որը էկրան է բարձրացել 2011թ.-ի հոկտեմբերի 3-ին։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Սրժան Դրագոժեվիչը։

Բլոգեր Տիգրան Քոչարյանը («Փիղ») լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տիկնիկային թատրոնում չպետք է կազմակերպվի համասեռամոլության քարոզ: Այն դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ կազմակերպիչներին անհանգստացնում են միայն միասեռականներին վերաբերող հարցերը, Քոչարյանն այսպես արձագանքեց.

«Ցավոք սրտի, հանդիպում ենք միայն այդպիսի առիթներին, չնայած շատ ուրիշ հարցերով ենք զբաղվում: Ես որպես ծնող, որպես հայ մարդ համարում եմ, որ բաներ կան, որ չափը անցնում են և երիտասարդության, երեխեքի հետ կապված մի վայրում իմ կարծիքով դա սխալ է, դա սադրանք է, այնպիսի տպավորություն է, որ որոշ եվրոպական կառույցներ ուղղակի պարապ են մնացել և ուզում են այստեղի ազգաբնակչությանը սադրել»,- ասաց նա:

Բլոգերի կարծիքով՝ ավելի լավ կլիներ, եթե ֆիլմերը մասնավոր վայրերում ցուցադրվեին: iLur.am-ի հարցին, թե անձամբ դիտե՞լ է ֆիլմը, Քոչարյանն ասաց՝ ոչ, ժամանակ չունի դիտելու, բայց ֆիլմի պատմությանը տեղյակ է:

«Հայազն» միության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի համոզմամբ էլ՝ ֆիլմն իր մեջ պարունակում է մանկապղծություն: Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

«Նա չէր դիտել, երբ հարցրինք՝ ո՞նց ես թույլ տվել, ասաց, որ իրեն ասել են, թե դա հանդուրժողականության քարոզ պարունակող ֆիլմ է, ինքն էլ համաձայնվել է 50000 դրամով վարձով տալ տարածքը»:

Վահե Աթանեսյանը, որն իրեն խնդրեց ներկայացնել որպես գրող-հրապարակախոս, iLur.am-ի հետ զրույցում, ասաց, որ «Հայաստանում պիտի տենց բան չլինի, քանի որ դա այլասերվածության քարոզ է»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինչպես Ռուսաստանում, պահանջեն միասեռականության քարոզն արգելող օրենք ընդունել, Աթանեսյանն այսպես արձագանքեց.

«Պահանջում ենք: Կարելի է օրենսդրական նախաձեռնություն կազմել, ստորագրել շահառու հ/կ-ների կամ անհատ քաղաքացիների կողմից և ուղարկել ԱԺ: Աջակցություն ենք սպասում այն խմբակցություններից, որոնք իրենց գաղափարական ծրագրերում իրենց համարում են հայ»,- ասաց նա:

iLur.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դեմ չեն արտահայտվում բրազիլական սերիալներին, որոնցում միասեռական կերպարներ կան:

«Մենք հեռուստաեթերի մաքրման պահանջ ենք դնում, դա դեմ արտահայտվել չի՞»,- պատասխանեց նա, իսկ Արմեն Մկրտչյանը մեր նույն հարցի վերաբերյալ խոստացավ «հետո խոսել»:

Մասնակիցները երթով շարժվեցին The Club, որտեղ պարզվեց, որ այնտեղ «Parada» ֆիլմի ցուցադրություն նախատեսված չէ, եղել է նախնական պայմանավորվածություն, որն ավելի ուշ չեղյալ է համարվել: Ակումբի մենեջերը հավաքվածներին վստահեցրեց, որ նման ֆիլմի ցուցադրություն չի կազմակերպվելու և խնդրեց «հաճախորդներին չվախեցնել»:

Վերջում մասնակիցները որոշեցին կապի մեջ մնալ ու ֆիլմի ցուցադրության օրը հավաքվել Տիկնիկայինի դիմաց ու հայկական պարեր պարել:

 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» ՈւԵՖԱ-ից պահանջել է որակազրկել «Մանչեսթեր Սիթիին»’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում թեկնածուն որպես ընտրակաշառք կոկային է բաժանել ‘