‘Պատգամավորներն առաջարկում են Պուտինին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի’

741

ՌԴ հասարակական գործիչներն ու պետդումայի պատգամավորները հանդես են եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու առաջարկով: «Դա մեր նախաձեռնությունն է, և անտարակույս՝ 2013 թ. տարվա Մարդը Վլադիմիր Պուտինն է»,- լրագրողներին հայտարարել է Ժողովուրդների իրավունքների  պաշտպանության միջազգային շարժման համակարգող Բեսլան Կոբախիան:

Իր հերթին՝ պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը նշել է, որ ուրախ է Նոբելյան հանձնաժողովին դիմելու և խաղաղության մրցանակի համար Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջարկելու հնարավորության համար: Կոբզոնը պարզաբանել է, որ նախկինում այդ մրցանակը տրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով խրախուսում էր ԱՄՆ ագրեսիվ գործողությունները, մինչդեռ Ռուսաստանի նախագահը ջանում է կանխել պատերազմը Սիրիայում և «ավելի արժանի է այդ մրցանակին»: Կոբզոնը նաև հավելել է, որ Պուտինին առաջադրելու նախաձեռնող խումբը նախապես չի դիմել նախագահին, քանի որ կարծում է, որ իրենց  պետության ղեկավարը հազիվ թե մեկնաբանի այդ առաջարկը «իր համեստության պատճառով», փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 4-8-ը Երևանում կանցնի հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի զինվորականները պահանջում են բնակարաններից հանել հայ ընտանիքներին’