‘Պատգամավոր. Տնտեսության մեջ փլուզվելու բան էլ չի մնացել’

183572

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը

— Պարոն Մելքումյան, վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկումը, ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր:

— Կատարվածը բազմաթիվ գործոնների հետեւանք էր: Դրամը փորձում էին պահպանել 410 դրամի սահմաններում, բայց՝ առանց հիմքերի, այսինքն` փոխարժեքը պահում էին արհեստականորեն, որովհետեւ տնտեսական աճի դանդաղումը, տրասֆերտների ծավալների նվազումը արդեն իսկ կանխատեսման հիմք էին տալիս: Բացի այդ, համընկան մի քանի այլ գործոններ` արտահանման տեմպերի կրճատումը, տրանսֆերտների նվազումը, ինչն էլ հանգեցրեց գահավիժման:

— Իսկ կատարվածի մեջ կա՞ն արդյոք սուբյեկտիվ գործոններ:

— Իհարկե, կան: Որպես սուբյեկտիվ գործոն՝ կմատնանշեի կառավարման քաղաքականության ցածր մակարդակը: Դրամի արժեզրկումը մեկ-երկու ամսում կատարվածի հետեւանքով չի պայմանավորված, այլ տարիներ շարունակ վարված քաղաքականության պատճառով է:

— Ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դրամի արժեզրկումը:

— Ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ դրամի արժեզրկումը խթանում է արտահանումը, բայց, մյուս կողմից էլ, խորացնում է աղքատությունը, որովհետեւ մարդկանց կենսամակարդակն առանց այն էլ վատ է: Եվ համադրության մեջ եթե նայենք, ապա բացասական հետեւանքներն ավելի շատ են, քանի որ արտահանման ծավալների ավելացումը վայրկյանապես չի լինի: Փոխարենը, միանգամից կզգացվի կենսամակարդակի նվազումը: Բացի այդ, հիմա լուրջ խնդրի առաջ են կանգնած այն մարդիկ, ովքեր դոլարային վարկեր էին վերցրել:  Մարդիկ, ովքեր ունեն դրամային վարկեր, նույնպես պետք է մտածեն, թե ինչ է կատարվելու։ Այսինքն, ռիսկերն ավելացել են: Նաեւ` ներդրումների մակարդակը կարող է զգալի նվազել: Այնպես որ, հարկավոր է կոնկրետ միջամտություն:

— Դրամի արժեզրկումը շատերը կապում են ռուսական ռուբլու արժեզրկման եւ, ընդհանրապես, ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթներով: Իսկ ինչո՞ւ հայկական տնտեսությունը չունի այնքան իմունիտետ, որպեսզի որոշակիորեն չեզոքացնի ռիսկերը:

— Հայաստանում այսօր ապրում է այնքան մարդ, որքան հայ կա ՌԴ-ում: Բայց ի տարբերություն Հայաստանի, ՌԴ-ում ապրում են աշխատող հայերը: Մարդիկ աշխատում, փող էին ուղարկում, եւ հիմա,երբ տրանսֆերտները նվազում են, դա իր ազդեցությունն է ունենում տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ձեր նշած իմունիտետին, ապա վերջին տարիների ընթացքում մենք գնացել ենք տնտեսական փոքր փլուզումների ճանապարհով: Ուստի, կորցրել ենք իմունիտետը: Սա նման է այն իրավիճակին, որ մարդը միկրոինֆարկտներ է ստանում, բայց չի իմանում այդ մասին: Հիմա մենք պետք է խուսափենք խոշոր փլուզումից:

— Արդյո՞ք մեծ փլուզում է սպասվում:

— Կարծում եմ` ոչ, որովհետեւ փլուզվելու բան էլ չի մնացել:

— Քանի որ արդեն ականատես ենք լինում մեծ գնաճի, ի՞նչ եք կարծում ` ի՞նչ է հարկավոր անել գնաճի հետեւանքները չեզոքացնելու համար:

— Դրամի արժեզրկումը միանշանակ տանելու է աղքատացման: Ուստի, իմ առաջարկն է` ավելացնել մարդկանց եկամուտները, սուբսիդավորել վարկերը:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Թե ինչու Կոնգրես խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին. Ելույթ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի համակրին թույլ չեն տվել մտնել Նախագահական նստավայր’