Պատերազմն Ուկրաինայում․ Անցած օրվա ամփոփում

378

Հինգշաբթի երեկոյան բուռն դիվանագիտական գործունեություն է ընթացել Բրյուսելում, որտեղ կայացել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության և «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների  արտահերթ հանդիպումներ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբևէ այսքան միակամ չի եղել։ Նա կոչ է արել պահպանել միասնությունը, որպեսզի սահմանված պատժամիջոցները ազդեն Կրեմլի կայացրած որոշումների վրա։

Թե Բայդենը, թե Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե ինչպիսին կլինի նրանց պատասխանը, եթե Մոսկվան Ուկրաինայում քիմիական զենք կիրառի։

ՆԱՏՕ-ն հաստատել է, որ ընդհանուր թվով 40 հազար զինվորականներով չորս գումարտակային խումբ է ուղարկել Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հավաստիացրել են, որ ռուսաստանյան գազի դիմաց չեն վճարի ռուբլով, ինչպես դա պահանջել է Մոսկվան՝ ընդգծելով, որ ռուսաստանյան էներգետիկ շանտաժի ժամանակներն անցել են։

Բորիս Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինան որոշակիորեն կարող է հաղթել՝ չնայած որ Պուտինը նրա քաղաքների հետ այնպես է վարվում, ինչպես ժամանակին վարվել է Գրոզնիի դեպքում։ Ըստ Ջոնսոնի՝ Պուտինը խաղաղության չի ձգտում։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով դատապարտում է ներխուժումն Ուկրաինա և պահանջում անհապաղ զորքերը դուրս բերել։ Կողմ է քվեարկել 140 երկիր, դեմ՝ հինգը՝ Ռուսաստանը և նրա դաշնակիցները՝ Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Բելառուսը և Սիրիան։ 38 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ Չինաստանը։

Բուն Ուկրաինայում շարունակվել են տեղական նշանակության մարտերը, օպերատիվ իրավիճակում էական փոփոխություններ չկան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըFIDE Grand Prix․ Արոնյանը ոչ ոքի խաղաց եւ խմբի առաջատարն է
Հաջորդ հոդվածըՔոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է