Պատմական մի օրախնդիր զուգահեռի այժմեականությունը

24438

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու զուգահեռ գործընթաց է ընթանում՝ մեկը Ռուսաստանի, մյուսը Արևմուտքի հովանու ներքո: Մի կողմից Ռուսաստան-Արևմուտք ծայրաստիճան սրված հարաբերությունների, մյուս կողմից կարգավորման երկու պլանի առկայության պարագայում խաղաղության գործընթացի հաջողումը տասնապատիկ բարդանում է: Մի պահ նույնպիսի իրավիճակ էր ստեղծվել նաև 1990-ականներին, որին անդրադարձել էր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասնավորապես 1994 թվականի օգոստոսի 13-ին, դասախոսությամբ հանդես գալով Հարվարդի համալսարանում, նա նշել է հետևյալը.

«Այսօր հակամարտությունը Ղարաբաղից ու Ադրբեջանից տեղափոխվել է միջնորդների միջեւ, նկատի ունեմ՝ ՌԴ-ն եւ ԵԱՀԿ-ն: Յուրաքանչյուրն ուզում է միջնորդական ջանքերի մեջ խաղալ կենտրոնական դեր։ Նրանց միջև կան մի քանի հակասություններ, որոնք բավականին բարդություն են ստեղծում, դժվարացնում կամ հետաձգում են խաղաղությունը։ Կարծում եմ՝ բոլորը գիտակցում են, եւ վաշինգտոնյան իմ հանդիպումների ժամանակ էլ ստացա նման հավաստիացումներ, որ այսօր խնդիրը հետեւյալն է. միավորել, համադրել ՌԴ-ի եւ ԵԱՀԿ-ի միջնորդական ջանքերը եւ անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա մեկ՝ միասնական խաղաղարար պլանով։ Քանի դեռ կա երկու պլան, խաղաղություն չի լինի, որովհետեւ յուրաքանչյուր կողմ՝ ե՛ւ Ադրբեջանը, եւ ինչու չէ, նաեւ մենք, միշտ էլ հնարավորություն ունենք մանեւրելու երկու պլանների միջեւ, փորձելու տեսնել, թե ով ավելի շատ է տալիս։ Սա շատ բնական է, եւ կրկնում եմ` քանի դեռ միջազգային հանրությունը հակամարտող կողմերին չի ներկայացրել եւ չի պարտադրել միասնական պլան, խաղաղություն չի լինի։ Ուրեմն, այսօր խաղաղությունը կախված է հենց այս հարցի լուծումից, այսինքն, եթե պատերազմը վերսկսվի, ամենեւին չպետք է մեղադրել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ղարաբաղին, այլ պետք է մեղադրել միջազգային հանրությանը»:

Դասախոսության ամբողջական տեսագրությունը, որը շուրջ 1 տարի առաջ տեղադրվել է Հարվարդի համալսարանի՝ Քենեդու անվան Միջազգային քաղաքականության դպրոցի յություբյան ալիքում, կարող եք դիտել ստորև։

Նախորդ հոդվածըՖրանսիա․ Ցույցերը վերաճել են բախումների ոստիկանության հետ
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի զույգերը