Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ

330

Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը ( ITA ) կազմել է 2022թ. Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը, որի պահանջների համաձայն՝ մոտ 5400 մարզիկ- մարզուհի մեկնարկից առաջ պետք է  թեստավորվի: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Ցուցակներ կազմելուն կմասնակցեն միջազգային մարզական ֆեդերացիաները և հակադոպինգային ազգային գործակալությունները:

Նախորդ՝ 2018թ. կայացած Փհենչհանի Օլիմպիական խաղերի համեմատ՝ թեստավորման հավանական թեկնածուների թիվն ավելացել է: Այն ժամանակ ստուգվել է շուրջ 3500 մարդ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017թ. մարտի 16-ին է  հայտարարել թեստավորման միջազգային գործակալություն ստեղծելու մասին: Այդ կազմակերպությունը ՄՕԿ-ից ստացել է Օլիմպիական խաղերի շրջանակներում հակադոպինգային գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները:

Տոկիոյի խաղերից առաջ ITA-ին հաջողվել է իրականացնել պատմության մեջ նախաօլիմպիական դոպինգ ստուգումների  ամենամեծ ծրագիրը:

Պեկինում Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը:

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Կարեն Խաչանովը պարտվեց 1/8 եզրափակիչում
Հաջորդ հոդվածըՆորվեգիայում նետ-աղեղով զինված մարդը սպանել է հինգ հոգու