‘Պետական աֆյորա, որին կնախանձեր նույինիսկ Օստապ Իբրահիմովիչը’

909

Անցած տարվա վերջին ամիսներին խնդիրներ ծագեցին ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված:

Բոլոր անհրաժեշտ տեղեկանքները վերցնելուց հետո վարորդները գնում էին բանկ՝ վճարումները կատարելու եւ տեխզննման կտրոնները ստանալու ակնկալիքներով: Բանկում, սակայն պարզվում էր, որ կտրոններ չկան: ՀՀ ֆինանսների նախարարությունը տարեվերջին հանդես եկավ հայտարարությամբ, թե նախարարությունը բանկերին բավարար քանակությամբ` ավելի քան 601 հազար տեխզննման կտրոն է տրամադրել: Նշենք, որ ապահովագրական ընկերությունների տվյալներով Հայաստանում շահագործվում է մոտ 400 հազար ավտոմեքենա: Եթե իրոք տրամադրվել էր 601 հազար կտրոն, ապա դա պետք է ավելի քան բավարար լիներ, որպեսզի խնդիր չառաջանար: Պարզվում է, որ գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մի իսկական աֆյորայի հետ: Նախ, անցած տարեվերջին կտրոնների «բացակայության» վրա սկսեցին փող աշխատել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի (նախկին թաղապետարանների) աշխատակիցները: Նրանք ավտոմեքենաների սեփականատերերին առաջարկում էին մեկ կամ երկու հազար դրամի դիմաց «ճարել» տեխզննման կտրոնը, այն կնքել տալ եւ տրամադրել սեփականատիրոջը:

Հազարավոր ավտոսեփականատերեր տեխզննման կտրոնը ձեռք բերեցին հենց այդ եղանակով: Բայց պարզվեց, որ աֆյորան դրանով չի սահմանափակվում: Դեկտեմբերի վերջին «թաղապետարանից» գույքահարկի վերաբերյալ տեղեկանք վերցրած եւ, ըստ այդ տեղեկանքի բանկում վճարումներ կատարած, հազարավոր անձինք հունվարին գնալով իրենց տեխզննման կտրոնը ստանալու, պարզեցին, որ 2012 թվականի գույքահարկը վճարելը բավարար չէ տեխզննման կտրոնը ստանալու համար: Պարզվեց, որ պետք է վճարեն նաեւ 2013 թվականի գույքահարկը: Ուրեմն, ինչ է ստացվում: Մեքենայի սեփականատերը, ասենք, դեկտեմբերի 25-ին վճարել է 2012 թվականի գույքահարկը, բայց քանի որ տեխզննման կտրոններ «չկային», պետք է այն վերցներ 2013 թվականի հունվարին: Սակայն բանկում նրան տեղեկացրել են, որ պետք է վճարի նաեւ 2013 թվականի գույքահարկը, այսինքն գույքահարկի կանխավճար մուծի: Որից հետո նրան տեղեկանք են տալիս, որ նրա գույքահարկը «զրոյացված է» 2013 թվականի հունվարի 10-ի դրությամբ: Իսկ դա նշանակում է, որ այս տարվա վերջին սեփականատիրոջից կարող են եւս մեկ անգամ գանձել 2013 թվականի գույքահարկը: Հաշվի առնելով, որ մեր վարորդների մեծագույն մասը տեխզննման կտրոնը ձեռք է բերում հենց դեկտեմբերի վերջին, ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ծավալներ են կազմել գույքահարկի կանխավճարները: Այդ թիվը կարող է հասնել 1-15 միլիարդ դրամի:

Մի խոսքով, տեխզննման կտրոնների շուրջ այս ամանորյա աֆյորայով համ թաղապետարանների չինովնիկները փող «վաստակեցին», համ էլ պետբյուջեն ահագին կանխավճար ստացավ: Եւ այդ ամենը վարորդների հաշվին: Օստապ Իբրահիմովիչը կնախանձեր:

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը կրկին հանդիպել է ստոմատոլոգների հետ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’