‘Պետական հաստատություններում պրակտիկա անցելուց հետո Սլավոնականի ուսանողներին հեռացրել են համալսարանից’

1614

Հայ — ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի մի խումբ ուսանողներ նամակ են ուղղել համալսարանի ռեկտոր Ռ. Դարբինյանին՝ պահանջելով համարժեք կերպով արձագանքել իրենց նկատմամբ տեղի ունեցած անարդարությանը և ակնհայտ ապօրինությանը: Նամակի մեջ մասնավորապես գրված է.

Մասնակցելով 2013-2014թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ավարտական քննական շրջանին, այն ավարտելուց հետո, օրենքով և համալսարանի գործող կարգի համաձայն արտադրական պրակտիկա անցնելու նպատակով մենք գործուղվել ենք պետական մարմիններ, որտեղից էլ դրանց համապատասխան ստորաբաժանումներ, որտեղ մեզ համար անակնկալ կերպով տեղեկացել ենք, որ մենք այլևս չենք հանդիսանում ուսանողներ և հեռացված ենք համալսարանից:

Փորձելով պարզել տեղի ունեցածը դիմել ենք մեր ինստիտուտի դեկանատի աշխատակից` Հայկուհուն, ումից որևէ հիմնավորված պատասխան չստանալով` միայն բանավոր տեղեկացել ենք, որ 18 անձ ըստ Ձեր` 10.07.2014թ. հրամանի հեռացվել ենք համալսարանից:
Դրանից հետո, տեղի ունեցածի իրական հանգամանքները պարզելու և հասկանալու մեր բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո 17.07.2014թ. այցելել ենք դեկանատ, որտեղ նույն աշխատակցին խնդրել ենք տրամադրել մեզ համալսարանից հեռացնելու վերաբերյալ հրամանը, սակայն ստանալով բացասական պատասխան, ի վերջո` մեր ծնողների միջամտությամբ, մեծ դժվարությամբ այն ստացանք:

Ուսումնասիրելով ստացված հրամանը, ի զարմանս մեզ, պարզվեց, որ հեռացվել են ընդամենը 8 ուսանողներ,այն պատճառաբանությամբ, որ քննական շրջանում ունեցել ենք անհարգելի բացակայություններ և չհավաքված կրեդիտներ:

Վերոգրյալի կապակցությամբ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ բացակայությունների մեծ մասը իրականում եղել են հարգելի, որոնց վերաբերյալ ժամանակին` մինչև քննական շրջանի սկիզբը դեկանատ են ներկայացվել համապատասխան տեղեկանքներ, սակայն դրանք չեն ընդունվել, այն պատճառաբանությամբ, որ դրա անհրաժեշտությունը չկա և մենք առանց խոչընդոտների կարող ենք մասնակցել քննություններին: Այնուհետև, մասնակցելով քննություններին մենք համոզվել ենք, որ բացակայությունների հարգելի լինելը հիմնավորելու անհրաժեշտություն իրոք չի եղել: Բացակայությունների թեման եզրափակելով, ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ ներկայումս Ձեր` 10.07.2014թ. թիվ 02/736 հրամանից հետո, համալսարանի բազմաթիվ այլ ուսանողների կողմից իրենց բացակայությունները դասերին հարգելի համարելու համար ներկայացված տեղեկանքները հիմք են ընդունվել, ինչը առնվազն տարօրինակ է:

Ինչ վերաբերում է առաջադիմության ցուցանիշներին, ապա մենք յուրաքանչյուրս գտնվելով ուսանողին հարիր և բնական քննական պրոցեսի մեջ, հավաքել ենք տարբեր կրեդիտներ, որոնք բարելավելու նպատակով, համապատասխան դասախոսներին տեղեկացնելով, որ ցանկանում ենք իրենց առարկաներից հետագայում առավել բարձր գնահատականներ ստանալ, չենք մասնակցել որոշ քննությունների: Նշված հանգամանքը հնարավոր է պարզել նաև դասախոսների հետ զրուցելով:

Այնուհետև, մենք ըստ կարգի գործուղվել ենք պրակտիկայի, իսկ մնացած քննությունների մասով յուրաքանչյուրիս կարգի համաձայն նշանակվել են վերահանձնման ժամկետներ:
Բացի այդ, ուսումնասիրելով հիշյալ հրամանը և վստահ լինելով, որ ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի 09.07.2014թ. զեկուցագրով Ձեզ ներկայացվել է թերի և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ուսումնասիրելով համալսարանի պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը, պարզվել է, որ մեր ինստիտուտի ուսանողների ընդհանուր թվից 34-ը քննական շրջանի արդյունքներով չեն հավաքել կրեդիտների սահմանված շեմը, սակայն անհասկանալի տրամաբանությամբ կամայականորեն Ձեզ ներկայացվել է տեղեկատվություն ընդամենը մեր 8-ի վերաբերյալ:
Ավելին, տեղեկացնենք նաև, որ համալսարանի ուսանողների ընդհանուր թվից 106-ը նույնպես չեն հավաքել կրեդիտների սահմանված շեմը: Նշված տեղեկատվությունը հրապարակված է համալսարանի պաշտոնական կայք էջում (http://rau.am/bol_proc/index.php?mid=1) և կարող է վերլուծվել ցանկացած շահագրգիռ անձի կողմից:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը և վստահ լինելով Ձեր անկողմնակալ և արդարամիտ որոշմանը, խնդրում ենք մեր նկատմամբ կիրառել նույնատեսակ և միասնական մոտեցում, ինչը ըստ էության, փաստացի կիրառված է վերը նշված` 98 (այդ թվում մեր ինստիտուտից`թվով 26) ուսանողի նկատմամբ, ինչպես նաև` պահանջում ենք պարզել մեր նկատմամբ իրականացված կամայական մոտեցման, ապօրինության պատճառը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հիմա դա «նարնջագու՞յն», թե՞ «սոցիալական» ահաբեկչություն էր’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելում Նալբանդյանը հանդիպում կունենա Մինսկի խմբի համանախագահների հետ’