‘Պետք է անհապաղ գործի գցել համապատասխան սահմանադրական մեխանիզմները’

1346

Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների՝ Աբովյան փողոցում, ընդամենը մեկ տարի առաջ ապօրինի կառույցներից ազատված տարածքում տեղադրվել են հսկայական մետաղական կոնստրուկցիաներ, կառուցվում է սրճարան։ Ենթադրվում է, որ այն պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրա Բեգլարյանին։ Կոնստրուկցիաների տեղադրումից հետո այստեղ են ժամանել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները, որոնք կասեցրել են շինարարական աշխատանքները, սակայն՝ «երկաթյա կոնստրուկցիաների ապամոնտաժման մասին դեռ վաղ է խոսել»։
Երեւանի ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում առանց որեւէ պետական մարմնի թույլտվության տեղադրվում են հսկայական մետաղական կոնստրուկցիանե՞ր, սրճարանի շինարարությո՞ւն է իրականացվում։ Կարեւոր չէ, թե ինչով կավարտվի այս պատմությունը` կկանխվի՞ ապօրինությունը, թե՞ ոչ։ Եւ ճիշտ չէ սա ապօրինություն կոչելը։ Ապօրինությունից շատ առաջ սա կարեւոր քաղաքական մեկնաբանություն ունի։ Այս բանն անողը թքած ունի ոչ թե օրենքի, Սահմանադրության, այլ այդ օրենքի ու Սահմանադրության երաշխավորի, թիվ մեկ պաշտոնյայի վրա՝ բացահայտ, օրը ցերեկով, համարձակ։ Ուրեմն, վերջինս չկա, գոյություն չունի, անգործունյա է կամ մեռած։ Կամ դրան հավասար մի բան։ Եւ դա ոչ թե ընդդիմությունն է ասում, որ չհավատանք, ասենք՝ չափազանցնում է, այլ գործող իշխանության նախարարը, կամ` նրա եղբայրը։ Եւ ոչ թե ասում են բառերով, այլ ցուցադրում են գործողությամբ։ Դա նշանակում է Հայաստանում պետք է անհապաղ գործի գցել համապատասխան սահմանադրական մեխանիզմները եւ երկրի ղեկավար ընտրել։ Ոչ մեկը չի ուզում ապրել մի երկրում, որտեղ ցանկացած մեկը, թեկուզ նախարար կամ նախարարի եղբայր, կարող է թքել երկրի ղեկավարի վրա։ Եթե անգամ վերջինիս թվա, թե անձրեւ է գալիս։

 

Արշալույս Բաղրամյան 

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանի նախագահի դուստրը զրկվել է անձեռնմխելիությունից’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Ա.Մուրադյանը. Դաշնակցական թեկնածուն ահազանգում է ընտրակաշառքի մասին’