Պերուի նախագահին և նրա նախորդին կասկածում են փողերի լվացման մեջ

231

Պերուի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի նախագահ Դինա Բոլուարտեի և պետության նախկին ղեկավար Պեդրո Կաստիլյոյի նկատմամբ՝ փողերի լվացման և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ընթացքում խախտումների կասկածանքով։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազությունը։

«Ենթադրյալ հանցանքները կատարվել են 2021 թ․ «Ազատ Պերու» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գլխավոր դատախազության՝ Կաստիլյոն և Բոլուարտեն, որը նրա հետ առաջադրվել էր որպես փոխնախագահի թեկնածու, կասկածվում են «քաղաքական կազմակերպությունների արգելված ֆինանսավորման, փողերի լվացման և հանցավոր ընկերություն ստեղծելու մեջ»։

Հետաքննությունն սկսվել է պետության նախկին ղեկավարի օգնական Էնրի Շիմաբուկուրոյի ցուցմունքներից հետո, որը պնդում է, թե վճարել է «Ազատ Պերու» կուսակցության անդամների ծախսերը։

Բոլուարտեն արդեն իսկ անցնում է հակակառավարական ցույցերի ընթացքում ցուցարարների մահվան դեպքերի վերաբերյալ գործով։ 2022 թ․ դեկտեմբերի սկզբին բարձրագույն օրենսդիր մարմնի որոշմամբ Կաստիլյոն հեռացվել էր իշխանությունից։ Դրանից հետո երկրում լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսվել՝ Բոլուարտեի հրաժարականի, խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։ Բողոքի ցույցերի ընթացքում զոհվեցին տասնյակ ցուցարարներ, տուժեց ավելի քան 1,6 հազար մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Դանիելյանն ու Սարգսյանը վերջին տուրից առաջ 1-ական միավոր են հետ առաջատարներից
Հաջորդ հոդվածըPolitico․ ԱՄՆ նախկին պետքարտուղար Փոմփեոն ապրիլի 3-ին կայցելի Ուկրաինա