‘Պերուի նախկին նախագահի բանտային պայմանները հրաշալի են ‘

918

Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի բանտարկությունն անցնում է չափազանց հարմարավետ պայմաններում: Ինչպես տեղեկացնում է պերուական «Ռեպուբլիկա» թերթը՝ ի տարբերություն լատինաամերիկյան մյուս երկու երկրների նախկին ղեկավարների՝ արգենտինացի Խորխե Ռաֆայել Վիդելայի և բոլիվիացի Լուիս Գարսիա Մեսայի (երկուսն էլ՝ ռազմական բռնապետներ), որոնք պահվում են սովորական բանտերում, Ֆուխիմորոն, որն արդեն հինգ տարի է՝ կրում է իր պատիժը, ապրում է արքայավայել: «Ռեպուբլիկան» նշում է, որ երբ Չիլիի իշխանությունները Ֆուխիմորիին հանձնել էին Պերուի արդարադատության մարմիններին, վերջիններս նրան փակել էին այնպիսի մի կացարանում, որը դժվար է բանտախուց անվանել՝ 190 քառակուսի մետր տարածք: Սակայն մեկ տարի անց ներքին գործոց նախարարության հատուկ հանձնարարությամբ այդ «խուցը» մեծացվեց մինչև…891 քառ.մ: Սրանով էլ նախկին նախագահի բարերարները չբավարարվեցին. նրա համար հատուկ բանտ կառուցվեց՝ 10 050 քառ. մ մակերոսով, որտեղ նա միակ կալանավորն է: Ֆուխիմորիի ներկայիս «բանտախուցը» 800 քառ. մ տարածքով հսկայական համալիր է՝ ննջարանով, ճաշասրահով, աշխատասենյակով ու նույնիսկ գորգապատ հյուրասենյակով, որտեղ նախկին նախագահն իր այցելուներին է ընդունում: Բանտը շրջապատված է այգով, որտեղ վարդի 5 հազար թփեր են ծաղկում:

1990-2000 թթ. Պերուն ղեկավարած նախագահի դուստրը՝ Կեյկո Ֆուխիմորին, անցյալ տարի առաջադրվել էր երկրի նախագահական ընտրություններում, սակայն երկրորդ փուլում  պարտվեց պետության ներկա ղեկավար Օլանտա Հումալային:

Նախորդ հոդվածը‘Շարմազանովը չի կարող բացատրել գազի գնի առեղծվածը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի ավագանին նոյեմբերի 12-ին կրկին կքննարկի աուդիտ հրավիրելու հարցը ‘