‘Պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, ամբողջ ուժը դնենք այս պատերազի մեջ, հաղթենք. 20 տարի առաջ զոհվեց Մոնթեն (Տեսանյութ)’

1277

Պատերազմը միայն դժվարություն է, իսկ խաղաղություն կլինի միայն մեր հաղթանակով, ասում էր Մոնթեն: Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Ավո կեղծանունով զինվորը 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին, Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեցին Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:

Մոնթեն և զինվոր էր, և հրամանատար: Մարտական ընկերները պատմում են, որ Մոնթեն խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների հանդեպ: Մարտունեցիները պատմում են, որ նաև հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ ու կարկատել էր տալիս իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։

«Ինչքան դանդաղ աշխատենք, այնքան երկար կլինի, այնքան զոհեր կլինեն, մեր ամբողջ ուժը պիտի դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ: Որքան էլ դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք, դժվարություններ են և այլն, բայց պատերազմն այդպես է, պատերազմը հաճելի բան չէ: Պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, պիտի դպրոց չգնանք… մեր ամբողջ ուժը դնենք այս պատերազմական գործի մեջ, հաղթենք, ու հետո բոլորիս համար լավ կլինի»,- ասում էր հրամանատարը: Հաղթեց:

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են, պարզվում է՝ ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը, ընկնում են: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, Եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման համար: Հնագիտության պրոֆեսոր էր և գիտեր 8 լեզու:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

Նախորդ հոդվածը‘Գորիսի նախկին քաղաքապետը շարունակում է Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր բացահայտումների շարքը’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ’