‘ՊՆ ենթակայության տակ գտնվող ընկերությունների հարկային վճարումները նվազել են 12.9 մլն դրամով’

1048

2012թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված է 12 բաժնետիրական ընկերություններ, որոնցից 8-ի հիմնական գործունեության ոլորտն է` սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրություն, նորոգում, արդիականացում և տեխնիկական սպասարկում: Մյուս 4 ընկերությունների հիմնական գործունեության ոլորտը ՀՀ ՊՆ-ին և այլ կազմակերպություններին ծառայությունների մատուցումն է:

2012թ. 8 ամսվա գործունեության արդյունքում պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ընկերությունների աշխատանքների և ծառայությունների իրացումից հասույթը (առանց ԱԱՀ) կազմել է 1293.8 մլն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը:

2011թ. նույն ժամանակաշրջանում իրացվել են 1204.1 մլն դրամի աշխատանքներ` աճը կազմում է 89.7 մլն դրամ կամ 7.4%: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերություններում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 1050 հոգի: Հարկերի գծով` պետական բյուջե վճարվել է 199.0 մլն դրամ, սոցիալական ապահովագրության հիմնադրամ` 131.1 մլն դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունների հետ պայմանագրերը կնքվել են 2012 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին, ինչպես նաև այն, որ 2011թ. համեմատ՝ աշխատողների միջին թվաքանակը կրճատվել է 120-ով, այդ պատճառով հարկերի գծով պետական բյուջեին վճարումները նվազել են 12.9 մլն դրամով կամ 6,1%-ով, իսկ սոցիալական ապահովագրության հիմնադրամին հատկացումները նվազել են 14.7 մլն դրամով կամ 10,1%-ով:

 

Նախորդ հոդվածը‘Կալանավորների փախուստի անհաջող փորձից հետո մեքսիկական բանտը փակվել է’
Հաջորդ հոդվածը‘Թրանսփարենսի ինթերնեշնլ. կոռուպցիան հաղթահարելու համար իշխանությունների գործողությունները բավարար չեն’