‘ՊՆ. Ինջիղուլյանը տուն վերադառնալուց հետո ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից’

751

ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է ԿԽՄԿ-ին` խնդրելով Ադրբեջանում գերեվարված հայ զինվորին փոխանցել, որ տուն վերադառնալուց հետո նա ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից՝ շարունակելով մշտապես բնակվել Հայաստանում կամ մշտական բնակության տեղափոխվելով երկրորդ, երրորդ կամ նույնիսկ՝ չորրորդ երկիր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական կողմը կրկին երաշխավորում է, որ ս.թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով շփման գիծը հատած, դրա հետևանքով ադրբեջանական զորքերի վերահսկման գոտում հայտնված և վերջիններիս կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, Հովհաննիսյանն ավելացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետամուտ է լինում իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ամբողջ շրջանակը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք: Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

 

Նախորդ հոդվածը‘Չոռնի Գագոն՝ Почетный транспортник СНГ ‘
Հաջորդ հոդվածը‘Վ.Գասպարյան. Ոստիկանապետը նման բան աներ՝ Շանթից բան կմնա՞ր’