‘ՊՆ. Հրաչյա Հարությունյանի որդին բանակում չի զոհվել’

1970

Նախօրեին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան էր մեկնել՝ բանակում զոհված որդու շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով:

Այդ մասին, իբրեւ թե, հայտարարել են նրա հարազատները: iLur.am-ը փորձեց պարզել, թե ինչ հանգամանքներում է մահացել Հարությունյանի որդին, սակայն ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների լրատվական ծառայությունները Հարությունյանի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն չունեին:

Տեղեկության սկզբնաղբյուրը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության ռեպորտաժն էր Հարությունյանների ընտանիքի անդամների հետ: Ռեպորտաժի վիդեո-տարբերակում Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ Արթուրը հայտնում է, որ Հրաչյայի որդին «զոհվել է վերջերս (недавно погиб)», ինչը տեքստային տարբերակում վերածվել է «զոհվել է բանակում»-ի: 

Պարզվեց, սակայն, որ Հրաչյա Հարությույնանի որդին՝ 1991-ին ծնված Սերոբ Հարությունյանը ոչ թե զոհվել է ծառայության ընթացքում, այլ մահացել է զորացրվելուց շուրջ մեկ տարի անց՝ գլխուղեղի ուռուցքից: Այդ մասին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանոթյուն. Վեճ և դանակահարություն հանրակացարանի բաղնիքում’
Հաջորդ հոդվածը‘Սաֆարովի արտահանձնումը կասեցրեց ԼՂ բանակցությունների ընթացքը’